Տղե՛րք, ձեզ ոչ ոք չի կարող ստիպել և սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից. ՀՀ ոստիկանության պահեստազորի մայոր

Տղերք, ազգը ձերն է, դուրս մի եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը դուք եք և ձեր ընտանիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության պահեստազորի մայոր Գարիկ Համբարձումյանը՝ դիմելով ծառայակիցներին:

«Տղե՛րք, ես միշտ արդարացի եմ փորձել լինել և դրան զուգահեռ բարձր պահել այն համազգեստի պատիվը, որը կրել եմ, անձնական վիավորանք եմ համարել ու համարում, երբ չեն հարգում կամ ուղղակի ոչ վայել են պահում ոստիկանի կամ առհասարակ համազգեստ կրող մարդու նկատմամբ, բայց ես կասեմ հետևյալը….

Տղե՛րք, մի արեք այն, ինչի համար թեկուզ մի օր կամ թեկուզ մի վայրկյան կզղջաք:

Տղե՛րք, մի րոպե պատկերացրեք, որ դուք պետք է ապրեք ոչ թե Հայաստան երկրում, այլ ինչ-որ այլ դրոշի կամ երկրի տիրապետության տակ, ձեր երեխաները պետք է մեծանան այլ երկրի սովորույթներով և բարքերով, ի վերջո՝ վերանաք հայ կոչվելուց:

Կներեք, որ այսքան դաժան նկարագրեցի, բայց սրա վերջը դա է, սրանք ձեզանով ու ձեր ոստիկան, քննիչ, կամ դատախազ լինելու հանգամանքով են փորձում պահել իրենց ու կոծկել իրենց արածները, մի դարձեք գործիք նրաց ձեռքում…

Տղե՛րք, ձեզ ոչ ոք չի կարող ստիպել և սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից:

Ախր հիշեք տղե՛րք, մենք օրերով չենք քնել, հերթապահել ենք, որ մարդիկ հանգիստ և անվնաս քնեն իրենց տներում, մենք փողոցում ամեն մի կատարվելիք հանցավոր արարքին արձագանքել ենք, որովհետև մեր աչքերում առաջինը երևացել են մեր ծնողները, քույրերը, եղբայրները և երեխաները, ու մերինից չտարբերելով` պայքարել ենք բոլորի անվտանգության համար:

Տղե՜րք, ազգը ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը դուք եք և ձեր ընտանիքները:

Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար»,- գրել է նա: