ԵՊՀ-ի բակում երիտասարդները մոմավառություն են անցկացրել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների

Երևանի պետական համալսարանի բակում երիտասարդները մոմավառություն են անցկացրել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված զինվորների։ Երիտասարդների հետ էին նաև հոգևորականները, ովքեր կարդացին տերունական աղոթք։

Ուսանողական խորհրդի  նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է լինեն մշտապես իրենց օրակարգում, որովհետև պարտավոր են վառ պահել անմահացած զինվորների հիշատակը:

«Նրանք զոհվեցին հանուն մեր բոլորիս, մեր խաղաղ ապագայի և իմ համոզմամբ՝ նրանք մեզ սխալվելու տեղ չեն տվել։ Կարճ ժամանակում պետք է հասցնենք լուծել մեր ներքին խնդիրները, պետք է ուժեղանանք, կայացնենք մեր պետությունը, վերստին հզորացնենք մեր երկիրն ու պատրաստվենք հետ վերադարձնենք մեր տարածքները, որովհետև այդ տարածքները մեր սուրբ հայրենիքն է։ Այդ հողը կերտվել է մեր հերոսների արյամբ և չենք կարող թողնել թշնամու ձեռքում»,- ասաց Ափոյանը: