Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, իրացնելու առթիվ 12 անձի մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունն ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:

Նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար:

Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ:

Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: