ՀԻՍՈՒՆ ՏԱՐՎԱ ՃԻՉ

Տասն օր է` տաշում է վարպետը: Մկրտության ավազան է տաշում` Սուրբ Հռիփսիմե վանքի ավազանը:

Կտ-կտ-կտ, շրխկ- շրխկ, կտ-կտ-կտ: Աշխատում է մուրճը, կտ-կտ-կտ, աշխատում է վարպետ Վարազդատը ու մտորում հոր պատմածի, մոր պատմածի, Աստծո տվածի ու առեղծվածային ու չգրված օրենքների մասին, ու կտ-կտ ու շրխկ- շրխկ իջնում է մուրճը, և քարի կտորները թռչում են աջ ու ձախ, ինչպես մտքերը…

– Վա՜յ, Մեսրո՛պ, երեխեն ձեռից գնումա,- Մեսրոպը վեր թռավ տեղից ու հալավոտաշորով վազեց դեպի երեխու օրորոցը: Չհասկացավ, թե ինչ է կատարվում: Թամարը ողբում էր ու շնչահեղձ լինելով` երեխային գրկած վազում անկյունից անկյուն: Մեսրոպը ուշքի չէր գալիս, կնոջ կողքից վազում էր առանց այն էլ նեղ սենյակում ու ձայն տալիս.

– Թամա՜ր, ի՞նչ անեմ, ասա՛, ի՞նչ անեմ, ասա՛:

– Մանուշի՛ն կանչի, բուժքույր Մանուշին կանչի, էրեխես ձեռքից գնում ա:

Մեսրոպը դուրս թռավ տնից ու վազեց դեպի Մանուշենց տան կողմը: Բոբիկ ոտքերը մտան թաց ձյան մեջ, ու նոր հիշեց, որ ոչ շոր է հագել, ոչ կոշիկ: Մանուշենք իրենցից մի փողոց հեռու էին ապրում: Մեսրոպը վազում էր լլկած ձյան միջով. աչքին ոչինչ չէր երևում, երեխու շնչահեղձ պատկերն է և ուրիշ ոչինչ:

Մանուշենց փայտաշեն դարպասը կրնկի վրա հետ թռավ բռունցքի ուժեղ հարվածից, ու Մեսրոպը` լինգ անելով, հասավ տան մուտքին: Սկսեց դուռը ուժեղ ծեծել.

– Մանու՜շ, Հակո՜բ,- գոռում էր Մեսրոպն ու անընդհատ ծեծում դուռը` չզգալով, որ դուռը չի ծեծում, այլ հարվածներ է տեղում բռունցքով ու գոռում,- Մանու՜շ, Հակո՜բ:

– Տնաշենները էս ինչքա՞ն խորն են քնել,- մտածում էր Մեսրոպը ու նորից հարվածում դռանը:

Ներսի լույսը վառվեց, և պատշգամբի լուսամուտից երևաց Մանուշի ու Հակոբի առաջնեկը` վախեցած աչքերով Մարիամը, և դռան արանքից գլուխը հազիվ հանելով հարցրեց, թե ով է.

– Պապան, մաման տանը չեն, երկու օր առաջ Երևան են գնացել:

– Մարիա՜մ ջան, բալա՜ս, բա ե՞րբ են գալու,- լացակումած ու անճար հարցրեց Մեսրոպը` ինքն էլ չիմանալով, որ անիմաստ հարց է տալիս:

– Մարիա՜մ ջան, բալե՛ս, որ մաման գա, կասես գա մեր տուն, երեխեն հիվանդա:

Մեսրոպը հետ վազեց ու չհասկացավ, թե ուր է վազում. վազում էր դեպի գյուղամեջ: Միտքը սկսեց աշխատել:

Գյուղամիջում կոլխոզի մեքենաները կանգնած կլինեն, մեկին կասի, երեխուն կտեղափոխեն Էջմիածին, երեխուն կփրկեն: Գյուղի գրասենյակի առաջին հարկում վառվում էր գրասենյակի պահակ Սիմոն պապի լույսը: Մեսրոպը ներխուժեց պահակատուն: Սիմոն պապը պլիտայի մոտ նստած ննջում էր:

– Սիմո՛ն պապ, Սիմո՛ն պապ,- համարյա թե գոռաց Մեսրոպը:

– Մեղա՜, տե՛ր Աստված, մեղա՜, տե՛ր Աստված,- մրմնջում էր Սիմոն պապը:

Աչքի առաջ Մեսրոպն էր` ճերմակ հալավոտաշորով, մազերը խռիվ ու ոտաբոբիկ, ու խոսում էր Մեսրոպը, գոռում էր Մեսրոպը, ձեռ ու ոտով ինչ-որ բան էր բացատրում Մեսրոպը, որն անհասկանալի էր, որը չէր հասկանում Սիմոն պապը, այն Սիմոն պապը, որը հավատացյալ էր, որի աչքին չէր երևում ոչինչ ու ոչինչ չէր տեսնում, բացի մի բանից, որ Քրիստոսն է իջել, իջել է, որ որդուն զոհաբերի կամ փրկի, իջել է, որ խոսի ճշմարտության մասին, իջել է իր հոգին տանելու, թե տանջելու:

– Մեղա՜, տե՛ր Աստված,- արդեն բարձրաձայն ասաց Սիմոն պապն ու անկախ իրենից չոքեց:

Չոքեց, ծնկներն անկախ իրենցից ծալվեցին:

– Մեղա՜, տե՛ր Աստված,ես մեղք չեմ գործել, դու դատիր, ես ոչինչ չասեմ:

– Սիմո՛ն պապ, Սիմո՛ն պապ, ես եմ` Մեսրոպը:

Սիմոն պապին թվաց, թե խոսում է Աստված կամ հրեշտակապետը:

Մեսրոպը սառեց: Մեսրոպը հասկացավ իր վիճակը: Նա հասկացավ, որ պապի հետ ինչ-որ բան կատարվեց: Ապա կուչ եկավ ու կռացավ պապի առաջ` ճերմակամորուս պապի, Սիմոն պապի, Սիմոն բիձու առաջ կռացավ ու իջավ ծնկի:

– Պա՛պ, ես եմ` Մեսրոպը, պապ, ես եմ` Մինասանց Մեսրոպը, պա՛պ, որդիս, որդիս` Վարոն, հիվանդ է, պա՛պ, մի վարորդի տեղ ասա. Տղուս հիվանդանոց տանեմ: Պա՛պ, բալաս մեռնում է, պա՛պ, մի բան ասա անեմ, պա՛պ, մի ճամփա ցույց տուր գնամ, պա՛պ, Աստծու ոտի հողը դառնամ, մի բան հուշի անեմ, պապ:

Դերերը փոխվեցին, Սիմոն պապը դարձավ Սիմոն բիձա, հետո դարձավ Սիմոն ծերունի, հետո դարձավ Սուրբ Սիմոն, ու Սիմոն Սուրբը կանգնեց ոտքի, Մեսրոպը` մեղավոր` իր առջև ծնկած:

Մեսրոպը խնդրում էր` հալավոտաշորով, ոտաբոբիկ: Մեսրոպը` մազերը խռիվ, մազակոլոլ, ծնկի իջած խնդրում էր.

– Պա՛պ, մի լույս ցույց տուր, մի բան ասա, բալաս մեռնում ա, պա՛պ, մի ճար ցույց տուր, մի ճամփա ցույց տուր, մի մեքենայի տեղ ասա, երեխուս հասցնեմ հիվանդանոց, մեռնումա:

Սրանից առաջ ծնվածները երկուսն էլ մահացան, Սիմո՛ն պապ, մի բան ասա, անեմ` երեխաս փրկվի:

Սիմոն պապը քարացել էր, կանգնել էր ուղիղ, կուզն ուղղել, և աչքերը հառած օճոռքին, կարծես երկնքին նայելիս լիներ: Նա խոսեց հանդարտ, խոսեց համոզիչ ու հատու:

– Մեռոն քսի երեխեքիդ ճակատին, Մեսրո՛պ, Աստծու խաչը դիր երեխեքիդ ճակատին, մեղք մի՛ գործի, Մեսրո՛պ, մեղք մի՛ գործի:

Գյուղի մեքենաները գնացել են Երևան` կոմբիկեր բերելու կոլխոզի համար, դեռ երեկ են գնացել ու մինչև հիմա չեն եկել: Մի մեքենա գտիր, տար երեխային Էջմիածին, էնտեղ բժիշկները լավն են, տար երեխուն, փրկի: Համ էլ շոր հագի, բալա՛, շոր հագի, որ քեզ չկորցնես ու էն երկուսին էլ չկորցնես:

Շանթահարվեց Մեսրոպը:

Գյուղում ուրիշ մեքենա չկա, հարկավոր է շտապ գնալ շրջկենտրոն:

Մեսրոպը պապին թողեց շվարած ու վազեց դեպի տուն:

Թամարը մղկտում էր: Թամարը տեսավ ձեռնունայն ու միայնակ Մեսրոպին ու կական բարձրացրեց:

– Վա՜յ, բալա՜ս, վա՜յ, Վարոս, վա՜յ, Վարազդա՜տս:

– Շու՛տ արա, երեխուն հագցրու, շու՛տ արա: Կապի՛, շու՛տ արա, հագնվի՛, երեխուն տանում ենք Էջմիածին: Գյուղում ոչ բժիշկ կա, ոչ ավտո:

Մեսրոպն արագ-արագ և հագնվում էր, և հրահանգ տալիս.

– Շու՛տ արա, Թամա՛ր, հագնվի՛:

Թամարը շնչահեղձ երեխուն դրեց ֆրաժի կրավաթին, որ օժիտի նվեր էր ստացել և որի վրա

Մեսրոպն էր քնում, ու գիշերանոցի վրայից հագավ ինչ ձեռն ընկավ:

Մեսրոպն իր լոլոզ բոյին հագել էր արդեն կարճացած վերարկուն ու սպասում էր Թամարի

հագնվելուն:

– Ես պատրաստ եմ, Մեսրո՛պ, գնա՛նք:

– Ձեն տուր, թող հարևան Աշխենը գա երեխեքին տիրություն անի, մինչև մենք գանք:

Թամարը երեխուն էր փաթաթում:

– Էն մորս տված քաշմիրի շալը բեր` երեխուն կապեմ մեջքիս:

Թամարը քանդեց պահարանն ու ամենաներքևից շալը հանեց: Ծրարաձև փռեց անկողնու

վրա ու երեխուն դրեց մեջը, բարուրած թպրտացող երեխուն:

Երեխան ցնցումների մեջ էր:

Մեսրոպը կռացավ, շալի եզրերը հավաքեց ու պտտեց մեջքին: Դոշից քարկապ արեց, երեխու շնչառությունը զգաց ծոծրակին ու լավ զգաց: Երեխայի շունչը բազում անգամներ զգացել էր ու շունչ առել, մռութը մտցրել էր երեխայի կզատակը, թևատակը, խուտուտ տվել ու շունչ առել:

Ամեն անգամ դաշտից կամ գոմից հետո երեխուն գրկել էր ու հոգի առել, փնթի կամ մաքուր գլուխը մտցրել էր երեխու պորտի տակը, խուտուտ տվել ու հանգստացել:

Հանգստացել էր երեխու ծիծաղից ու լցվել նոր լիցքով, որ հաջորդ օրը կարողանա իր ու կնոջ համար նախատեսված կոլխոզի աշխօրը կատարել:

Մեսրոպը ճամփից դուրս էր եկել և ուղիղ կտրում էր դեպի Էջմիածին: <<Այստեղով ուղիղ կլինի և ավելի շուտ կհասնենք>>,- մտածում էր Մեսրոպը:

Երեկվանից թաց ձյուն էր սկսվել և կտրվել էր կարծես Թամարի ծկլթոցից, որ իրեն արթնացրեց: Մեսրոպը մնչալով առաջ էր գնում ու հետ չէր նայում: Թամարը հետևից հազիվ էր գալիս և չէր զգում, որ մինչև ծնկները խրվում է թաց ձյան մեջ: Մեսրոպը մնչում էր ու խոզի նման, ցուլի նման, որձին վայել ձևով կտրում և թաց ձյունը, և գիշերվա խավարը: Բան չէր մնացել մի չորս կիլոմետր է, որ կտրեն կմտնեն Էջմիածին: Վարոն ծանր չի, ընդհակառակը` Վարոն` Վարազդատը, ուժ է տալիս: Վարոն հոգի է տալիս ու ջերմություն ունի: Մեկ-մեկ Մեսրոպը ձայն է տալիս.

– Թամա՜ր, ի՞նչ եղար:

– Գալիս եմ, Մեսրո՛պ, գալիս եմ,- հևալով ձայն էր տալիս Թամարը` ուրախացած, որ ամուսինն այդքան ուժեղ է ու կփրկի Վարոյին, որ կփրկի իրենց բալին, իրենց Վարազդատին, ու ամուսնու հետքը բռնած վազում էր հևալով, որ հետ չմնա:

Լլկած ձյունը ծանր է: Երևան – Էջմիածին մայրուղու վրա շարժվող մեքենաների ձայներն ավելի մոտիկից են գալիս, և լույսերը ավելի խոշոր են երևում: Երկինքը սկսում է շառագունել, և այդ աղմուկը Մեսրոպին ուժ է տալիս: Մեսրոպը չի կանգնում, բայց ձայն է տալիս.

– Թամա՛ր, արա՛գ արի, ձեռքս բռնի:

Մայրուղու մոտ Թամարը հասցնում է երեխային փաթաթած շալի ճոթը բռնել, ձեռքը մտցնում Մեսրոպի վերարկուի ու շալի արանքը ու զգում երեխայի ջերմությունը. Այտերին չորացած արցունքի ակոսները նորից են բացվում, և քիթը թուլանում է, իր գլխաշորով մաքրում է քիթն ու աչքերը ու վազում-վազում արդեն մայրուղով ընթացող ամուսնու հետևից, որ հետ չմնա:

Հիվանդանոցը մոտ է, և հույսի շողն էլ ավելի մոտիկ է թվում, էլ ավելի լուսավոր, ու ամուսիններով համարյա թե վազում են, որ վայրկյան առաջ Վարոյին հասցնեն բժշկի մոտ:

Հիվանդանոցի պահակը ցույց տվեց մանկական բաժանմունքի տեղը, և Մեսրոպն ու Թամարը վազեցին դեպի բաժանմունք:

Քնաթաթախ ու տարեց բուժքույրը ցույց տվեց, թե որտեղ երեխային պառկեցնեն ու փնթփնթալով ու շորերն ուղղելով մոտեցավ:

Շալի բացվելուն պես երևաց Վարոյի չռված ու անթարթ աչքերը:

– Էս երեխան մահացածա, ինչու՞ եք բերել:

– Վա՜յ, բալա՜ս,- գոռաց Թամարն ու նվաղեց:

Թամարի գոռոցից ու թմփոցից ներս վազեցին սանիտարկան ու կողքի հիվանդասենյակի երեխեքին պահող մայրերը:

Մեսրոպը քարացել էր: Կուզն անկախ իրենից դուրս ցցվեց:

Կանայք Թամարին էին ուշքի բերում: Մեսրոպի աչքից մի հատիկ արցունք պոկվեց ու իջավ, իջավ մինչև բեխերը, քիթը բացվեց, թևքով մաքրեց ու տեսավ, թե ինչպես փնթփնթացող բուժքույրը փակեց Վարոյի աչքերը ու շալով ծածկեց երեխայի դեմքը:

Այդ ամենը թվաց երազ. ժամանակը կանգ էր առել, ու Մեսրոպը չէր հասկանում, թե որտեղ է ինքը, ինչ է կատարվում:

Թամարի ծկլթոցը կարծես ուշքի բերեց իրեն, և Մեսրոպը հասկացավ, որ ինքն անզոր է: Կանայք Թամարին տարան կողքի պալատը: Մեսրոպը ծխախոտ հանեց ու վառեց:

– Տղա՛ ջան, պալատում մի՛ ծխի,- լսվեց փնթփնթացող բուժքրոջ ձայնը:

Սթափվեց Մերոպն ու անկախ իրենից ոտքերն ուղղեց դեպի դուրս:

Հիվանդանոցում շարժ էր սկսվել, անցուդարձ էին անում տարբեր մարդիկ, ամեն մեկն իր հոգսի հետ, և ոչ ոք չէր ասում. «Համբերությո՛ւն քեզ, Մեսրո՛պ»:

Փետրվարյան լլկած ձյունից ոտքերը ջուր էին դառել ու հասկացավ, որ մրսում է: Ոտքերը չէր մրսում, մեջքն էր մրսում, ու ներսը սառել էր:

Մեսրոպը ներս մտավ շվար տեսքով, բայց հաստատակամ: Կինը` Թամարը, թաց ոտքերով միջանցքում նստած աթոռին, մղկտում էր արցունքներով: Մեսրոպն ափսոսաց, թե ինչու ինքը կին չի ծնվել, որ կարողանա լաց լինի, որ կարողանա դատարկվել:

Մեսրոպը մտավ սենյակ, որտեղ թախտին շալի մեջ փաթաթված էր Վարոն:

Մեսրոպը գրկեց Վարոյին և ընդունարանից դուրս գալով` ձայն տվեց.

– Թամա՛ր, վեր կաց:

Թամարը վեր կացավ ու գնաց Մեսրոպի հետևից:

Քայլում էին Էջմիածնի ձյունապատ փողոցով դեպի քաղաքի եզրը, որտեղից պետք է մեկնեին իրենց գյուղը` իրենց փոքր Օշականը:

Արևը վաղուց դուրս էր եկել, և թաց ձյունը շլյոպա էր դարձել:

Թամարը կոտրված, թևաթափ գնում էր ճղնակոտր խնձորենու նման, ճուտը կորցրած մարիի նման, հորթը կորցրած կովի նման, մզզում էր ու գնում` աչքերը հառած ամուսնու թաց շալվարի փողքերին, գնում էր ու մտածում, թե սա ինչի էսպես եղավ, , գնում էր ու մտածում, թե <<Աստված, որ պիտի առնեիր, ինչի թողեցիր, որ ինը ամիս կրեմ, ինչի բժիշկն ասաց, որ աբորտը մաքուր է անցել, որ ոչ մի բան չկա, բայց մի քանի օր հետո զգաց, որ ծոցն էլի ուռում է ու հարևան Աշխեն տատն ասաց .<< Այ բալա, Աստծո տվածը թող մնա>>, բա որ Աստծո տված է, ինչի Աստված առավ, ինչի ճղնակուտուր արեց իրեն: Բա տանը մնացած էն երկու քյորփեքին ինչ պատասխան է տալու: Աստված, բա դա անելու բա՞ն է, որ արեցիր, բա կենդանի մնացած էն երկու բալիս աչքերին ոնց եմ նայելու, բա ի՞նչ եմ ասելու>>: Մզզում էր Թամարն ու հետևում ամուսնու մինչև ծնկները թաց փողքերին ու մտածում, որ Մեսրոպն ամեն ինչ կարող է, ինչի չկարողացավ բալին փրկել:

Ճանապարհի եզրին Սուրբ Հռիփսիմե վանքն էր, և իրենք անցնում էին վանքի մոտով: Քահանան բացում էր եկեղեցու դարպասները:

Մեսրոպը կանգ առավ, հիշեց Սիմոն պապի խոսքերն ու քայլերն ուղղեց դեպի եկեղեցի.

– Օրհնե, Տե՛ր Հայր:

– Աստված օրհնե, որդյակս:

– Տեր Հայր, որդուս ճակատին մեռոն քսի:

– Երեխան կնքվա՞ծ է, որդյա՛կս:

– Երեխան մահացել է, Տե՛ր Հայր:

– Մեղա՜, Տե՛ր Աստված,- խաչակնքեց Տեր Հայրը:

– Տե՛ր Հայր, երկու տղաս մահացել է, սա էլ երրորդն է: Ես Փոքր Օշականից եմ: Սիմոն պապն ասաց, որ երեխեքս կնքված չեն, դրա համար են մահանում: Երեխուս ճակատին մեռոն քսի, տանեմ թաղեմ, որ մյուս երեխեքս ապրեն:

– Մեղա՛, Տե՛ր Աստված, իրավունք չունեմ, որդի՛ս, Աստված ինձ չի ների ու ինձ գործից էլ կհանեն:

Մեսրոպը ծնկի իջավ Տեր Հոր առաջ ու լաց եղավ:

Ծնկած վիճակում Մեսրոպը հավասարվել էր Տեր Հորը:

Մեսրոպի գրկից վերցրեց շալի մեջ փաթաթված Վարոյին ու ներս մտավ եկեղեցի.

– Մեղա՛, Տե՛ր Աստված, մեղա՛, Տեր Աստված, անընդհատ մրմնջում էր Տեր Հայրը:

Մեսրոպն ու Թամարը ծնկել էին թաց ձյան մեջ ու չէին տեսնում, թե ներսում ինչ է կատարվում:

Տեր Մակարը ներս կանչեց երկուսին էլ.

– Նե՛րս եկեք, օգնե՛ք ինձ:

Շալով փաթաթված Վարոյի մարմինը դրված էր խորանին: Ամուսիններով ներս մտան ու շվարած կանգնեցին խորանի առաջ, աչքները հառեցին Սուրբ Մարիամին ու սառեցին:

Կարծես իրենց Վարոն լիներ` Մարիամ Սրբի գրկին:

Տեր Հայրը թասով ջուր բերեց ու դրեց խորանի վրա, Վարոյին մոտիկ: Հետո շալը բացեց ու սկսեց Վարոյին բարուրից ազատել: Թամարը լաց էր լինում ու չգիտեր, թե ինչ էր խնդրում Տեր Հորից, Սրբից, թե Աստծուց: Տեր Հայրը ձեռքերի վրա առավ Վարոյի մերկ մարմինը և մտցրեց սառը թասի մեջ` բարձր աղոթելով.

– Ողորմյա՜ ինձ, Աստվա՛ծ, ըստ մեծի ողորմությամբ քո:

Ծկլթաց Վարոն, թպրտաց ու Տեր Հոր ձեռքից ընկավ ջրով լցված թասի մեջ: Տեր Մակարը դողաց ու դողդողալով դուրս հանեց երեխային թասի միջից:

– Մեռնե՜մ զորությանդ, Տե՛ր Աստված, մեռնե՜մ զորությանդ, Սու՜րբ Մարիամ:

Մեսրոպը սառել էր ու ոչինչ չէր հասկանում: Իրեն թվաց, թե աչքին է երևում, որ երեխան շարժվում է, չլսեց, չզգաց անգամ կնոջ թմփոցը սառը հատակին: Նրան թվաց, թե երազ է տեսնում, երազի մեջ երեխան ճչում էր սառը ջրից: Երեխան ծկլթում էր Տեր Հոր ափերի մեջ, ու Տեր Հայրը մեկնել էր մերկ Վարոյին դեպի Մեսրոպը:

– Ու զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից, Ամեն…

Մեսրոպը Վարոյին մտցրեց ծոցը ու զգաց, որ ծոցը տաքացավ թացությունից` երեխու թացությունից ու տաքությունից, մեռոնի տաքությունից:

Ծնկեց կնոջ վրա, հպեց որդու դեմքը կնոջ դեմքին ու լաց եղավ…

Վարոն բարձրացավ քարի վրա, որ վերևից նայի ավազանին, որ օվալը ճիշտ է բռնել, թե` ոչ: Ոտքերը տակից փախան, ու գնաց Վարոն, ավազանի կորությամբ գնաց, ու վերևում ամպեր երևացին: Տուտուզով նստել էր ավազանի մեջ, մեջքով պառկել հարթեցված մասին ու լսում էր իր ճիչը, իր հիսուն տարվա առաջվա ճիչը, իր, որ մնացել էր իր իսկ ականջներում:

Ամպերի միջից երևաց Սուրբ Մարիամը` ժպիտը դեմքին և մանկանը կրծքին սեղմած:

Աշոտ Մինասյան

Մ.Ա.Հ.

01.06.2018թ

Աշոտ Մինասյան Երկաթի ֆեյսբուքյան էջից