Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան

Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվե՞լ է կամ տալի՞ս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:

«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ նշեց, որ այս իշխանությունը ողջ հայության գիտակցության մեջ արդեն հեռացել է դե ֆակտո, համոզված եմ, որ իրենք էլ են դա հասկանում, այստեղ խնդիրը դե յուրե ձևակերպումն է, մենք էլ մեր հերթին օրենքով սահմանված բոլոր գործիքներն օգտագործելու ենք, որ դե յուրե հեռանան: