ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա ասել է, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին միակն է Հայաստանում:

«Ներկայումս առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը տեղադրելուց հետո ավելի կարագանա նույնականացման գործընթացը»,-նշել է խոսնակը:

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:  Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը՝ առկա միակ սարքավորումը աշխատում է 24/7 ռեժիմով: