ԼՂ-ում խաղաղությունը կյանքեր է արժեցել. որևէ հայտարարություն չպետք է ջնջի ձեռք բերվածը. Մարիա Զախարովա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընթացող ռազմաշքերթի ժամանակ հայտարարեց՝ Երևանը, Զանգեզուրն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են, իսկ նրա թուրք գործընկերը հիշեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշային: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այսօր հարց ուղղվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարություններին:

Զախարովան պատասխանեց. «Հնարավոր է՝ դրանք եղել են ճեպազրույցի ընթացքում, ուստի չի հասցրել ծանոթանա»,-ապա ընդգծեց՝ տարածաշրջանում իրավիճակը դյուրին չէ, շատ ջանքեր են կենտրոնացվել՝ այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան նստեցնելու, փախստականների վերադարձի գործընթացի կազմակերպման, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման համար:

«Քաղաքական ուժերը պետք է նպաստեն այս գործընթացներին: Դրա համար շատ ջանքեր են ներդրվել, շատ ուժեր կենտրոնացվել, եկեք հիշենք՝ չափից շատ զոհեր են եղել, և քաղաքական ոչ մի հայտարարություն այս ամենը չպետք է ջնջի»,- նշեց նա: