Մենք զրահաբաճկոն ունեցել ենք, բայց քիմիկոսները՝ ոչ, անգամ նրանց «մագազինները» դատարկ են եղել. պատերազմի մասնակից

«Երեք ավտոբուսով ենք գնացել, պետք է սարը շրջափակման մեջ գցեինք, մի խումբը եղել է գեներալի հետ, մեր ջոկատը եղել է 24 հոգի, 12-ը՝ աջ կողմից, 12-ը՝ ձախ, եղել ենք քիմիկոսների հետ ավտոբուսների մեջ, անցել ենք 3 հենակետ, և չեն զգուշացրել, որ դիմացներս թուրքեր են եղել, մենք սովորականի նման գնում ենք գործողություն կատարելու, ասում են, որ կարող է լինի 10-20 հոգի թուրք, գնում հասնում ենք, 10-ը դառնում է՝ 500 հոգի, ընկնում  ենք շրջափակման մեջ»,- Էջմիածնի զորամասի դիմաց պատմեց պատերազմի մասնակիցը, ում եղբայրը ևս անհետ կորածների կազմում է:

«Մենք զրահաբաճկոն ունեցել ենք, բայց քիմիկոսները՝ ոչ, անգամ նրանց «մագազինները» դատարկ են եղել, լիցքավորված չեն եղել, որովհետև չեն սպասել, որ կարող են հարձակման հանդիպել: Մենք մի քանի հոգով մեր ուժերով եկել, հասել ենք, օգնություն ենք ուզել, ու նշեմ, որ դուրս ենք եկել ողջ-առողջ, հանդիպել ենք գրադի անձնակազմին, ասել են, որ պետք է հրետանին աշխատեր։  Հրետանավորները ասեցին մեզ, որ այդ տարածքում, որտեղ մենք էինք, պետք է մարդ չգնար, իրենք պետք է հրետակոծեին։ Բանից դուրս է գալիս, որ մենք այնտեղ պետք է չլինեինք»,- նշեց պատերազմի մասնակիցը:

Նրա խոսքով՝ գործողությունը կազմակերպել է գեներալ Անդրանիկ Մակարյանը:

Նա նշեց, որ հարազատ եղբայրը երկրորդ ավտոբուսի մեջ է եղել ու իրար կորցրել են հոկտեմբերի 21-ի լուսաբացին՝ շրջափակման մեջ գտնվելով: Նա պատմեց, որ Էջմիածնի զորամասի քիմիկոսների հետ են գնացել, որպեսզի իրենք հետախուզում անեին և հետ գային, իսկ  քիմիկոսները պետք է իրենց թիկունքը պահեին, բայց բոլորը ընկնում են շրջափակման մեջ:

«Ես Զանգելանից կապվել եմ Կապան, ասել եմ, որ շրջափակման մեջ եմ, վիրավոր ու զոհ ունեմ, օգնություն ուղարկեք, բայց օգնություն չի եկել: Հիմա զորամասից իմ գործերը ուղարկում են Ռազմական ոստիկանություն, որ ինձ պատասխանատվության ենթարկեն, որպես ՝ դասալիք, որ ռմբակոծության տեղից հետ եմ քաշվել, ասում են՝ դասալիք ես, թող զբաղվեն նրանով, որ օգնություն եմ ուզել, բայց չեն տվել»,- նշեց նա: