Չեմ զարմանա, եթե իմանանք, որ Փաշինյանն ու իր թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են. Սեմյոն Բաղդասարով

News.am-ը ներկայացրել է  Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի հարցազրույցը՝  «Свободная Пресса»-ին:

Ադրբեջանում դեկտեմբերի 10-ին կնշեն նոր տոն՝ հաղթանակի օրը (ի պատիվ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի): Դրան մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվին ռազմական օգնություն է ցուցաբերել:

Թուրքիան ակտիվորեն փորձում է առաջ մղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանն իր մասնակցությունը, չնայած Անկարան պաշտոնապես կապ չունի Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված հրադադարի հետ: Էրդողանի ներկայությունը Բաքվում, կարծես թե, հարկադրված զիջում է Ռուսաստանին: Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Свободная Пресса»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասում ազդեցության մենաշնորհը:

«Էրդողանն ահռելի ավանդ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաջողության մեջ, ինչն անհնար է հերքել: Նույնիսկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վատ պատրաստվածությունը և Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը հաշվի առնելով: Այս պատճառով նա գնում է շքերթի, որտեղ նրան ողջունելու են ինչպես հերոսի: Հիմա Թուրքիան Հարավային Կովկասում է, իսկ Ռուսաստանի մենաշնորհն այնտեղ ավարտվել է: Ադրբեջանում՝ հաստատապես»,- նշել է Բաղդասարովը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղում պարտության մեղավորությունը զգալի չափով ընկած է Հայաստանի ղեկավարության վրա. «Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա կանխամտածված է արվել, և Փաշինյանն ու նրա թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են: Նրանք արել են այն, ինչը պետք է անեին ռազմական գործողությունների ժամանակ: Ուստի անիմաստ էր Ռուսաստանի միանշանակ աջակցության ցուցաբերումը: Առավել եւս, որ որոշակի ռազմատեխնիկական օգնություն, այնուամենայնիվ, ցույց է տրվել: Հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելը ճիշտ միջոցառում էր: Այլ հարց է, որ Ադրբեջանի գործողություններն առանձնապես չվիճարկելով, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խիստ կերպով պահանջեր նրա տարածքից թուրքական ուժերի և թրքամետ ահաբեկչական խմբավորումների դուրսբերումը: Չէ՞ որ սրանք մեր սահմաններն են: Մենք չափից ավելի հաճախ ենք համաձայնում մարտավարական վնաս կրելուն հանուն պատրանքային ռազմավարական օգուտի:

Պետք է հասկանալ, որ Էրդողանը գնում է Բաքու` ինչպես իր գաղութ: Նա վերջնականապես կպցրել է Ադրբեջանն իրեն: Ալիևն իր ինքնիշխանությամբ վճարեց Ղարաբաղի միացման (կարծում եմ` ժամանակավոր) համար»:

Բաղդասարովը նշել է, որ Ալիևն ի սկզբանե ցանկանում էր «Հաղթանակի օրը», որին շքերթ է նախատեսված, դեկտեմբերի 8-ին նշանակել: Սակայն պարզվեց, որ Թուրքիայում այդ օրը նշվում է Քեմալ Աթաթուրքի ծննդյան օրը: Հավանաբար Անկարայից զանգահարել են Բաքու և խորհուրդ տվել չխառնվել իրենց թուրքական տոնին: Եվ Ալիևը փոխել է ամսաթիվը: Սա, կարծես, հրահանգ էր Թուրքիայի տարածաշրջանային կոմիտեից:

«Եվ հիմա Ալիևը երկու քարի արանքում է հայտնվել: Եթե ​​Հայաստանը տարածքներով վճարեց Ռուսաստանի հետ հարաբերություններում իր ոչ ադեկվատ դիրքորոշման համար (որը, հուսով եմ, շուտով կշտկեն, քանի որ Երևանն այլ ընկերներ չունի), ապա Ադրբեջանը վճարեց իր անկախությամբ`  իրեն Էրդողանին նվիրելով: Դժվար է երկու տիրոջ ծառայել: Շատերը վախենում են, որ հանկարծակի շարժումների պատճառով Երրորդ աշխարհամարտ կսկսվի: Սակայն Էրդողանն անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում, Հայաստանը ևս գռմռում է, և ոչինչ, համաշխարհային պատերազմ չի սկսվում: Թուրքիան սադրում է մեզ, այո: Պուտինը այժմ կանգնած է նույն շարքում, ինչ և Նիկոլայ Առաջինը, Եկատերինա Երկրորդը` ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ցարերը: Եվ նա միակն է, ով, ըստ ամենայնի, որոշեց, որ այդպիսի պատերազմում նա չի լինելու:

Բայց նրան դա չի հաջողվի: Ստիպված կլինենք դա անել: Պանթուրքական ընդլայնումը դիվանագիտական ​​միջոցներով հնարավոր չէ կանգնեցնել: Դիվանագիտությունը, փափուկ ուժը պետք էր զբաղվել Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և ցանկացած այլ «երկրում» նախորդ 30 տարիների ընթացքում: Բայց դրանով չեն զբաղվել: Իսկ հիմա արդեն շատ ուշ է: Արևելքում դիմակայությունից հրաժարվելը թուլություն է համարվում, այլ ոչ թե մեծահոգություն»,- ասել է նա: