Մենք 50 օրվա մեջ ոչ մի իր խոսքը հարգող սպայի չենք հանդիպել. անհետ կորածի ծնող

Անհետ կորած 34 զինծառայողների ծնողները և հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են:

Նրանք սպասում են, որ Պաշտպանության նախարարությունից իրենց տեղեկություն հայտնեն:

«Մենք 50 օրվա մեջ ոչ մի իր խոսքը հարգող սպայի չենք հանդիպել, մենք իրենց հետ կապված հույս չունենք, մեր հույսն այն է, որ մեր տղաները կան»,- նշեց անհետ կորածի կինը՝ Մանյա Մելոյանը:

Ծնողները և հարազատները հեռախոսազրույց ունեցան ռուս խաղաղապահի հետ, որից տեղեկացան, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում Ջաբրայիլում, Զանգելանում, Ֆիզուլիում: Աշխատանքներին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Խաղաղապահը նշեց, որ չի կարող ասել, թե երբ կլինեն որոնողական աշխատանքները Զանգելանում, հնարավոր է՝ լինի վաղը կամ մյուս օրը:

Ծնողներին հանդիպեց նաև զորամասի հրամանատարը, նա նշեց, որ պետք է թույլտվություն ստանա, որ կարողանա որոնողական աշխատանքներին մասնակցել:

«Գեներալ-լեյտենանտն ասում է՝ մենք իմացանք, որ տղերքը 3 ժամ կռվի մեջ են, ասում ենք՝ պարո՛ն գեներալ-լեյտենանտ, ինչի՞ չգնացիք, ասում է՝ որ գնայի, ինձ էլ կխփեին, բա դու ո՞վ ես: 18 տարեկան զինվորը գնում է, 11 հոգի փրկում է և զոհվում է: Իմ 3 տարեկան թոռին հարցնում եմ՝ քեզ ի՞նչ առնեմ, ասում է՝ ինձ ավտոմատ առ, որ գնամ թուրքերին կրակեմ, իսկ գեներալը ասում է՝ որ գնայի, ինձ կկրակեին, բա գեներալը ինչի՞ համար է, նա ի՞նչ գեներալ, ես պաշտպանության նախարարին եմ ասում, որ նման գեներալների պագոնները պոկեք, գցեք աղբամանը»,- նշեց անհետ կորածի ծնողը:

Աղբյուրը՝ Tert.am