Ալիևը՝ «օգտվելով աղմուկից», հույս ունի «խլել» Հայաստանի հավելյալ տարածքներ․Wargonzo

Ադրբեջանի զինված ուժերն ակտիվորեն տեղաշարժ են իրականացնում Հայաստանի սահմանների մոտ «մոխրագույն գոտում»: Այս մասին հայտնում է @wargonzo թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Աղբյուրների տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, որը ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ադրբեջանցի զինվորականները փորձում են լավացնել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում:

Դա կապված է նաև նրա հետ, որ Արցախի որոշ շրջանների՝ Բաքվի հսկողության տակ անցնելուց հետո հայկական ծառայությունները, որոնք ապահովում են սահմանի անվտանգությունը, պատասխանատվության հավելյալ գոտիներ են ստացել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պայմանական (որոշ առումով բավական իրական) ճակատը մեծացել է մի քանի տասնյակ կիլոմետրով:

Քանի դեռ սահմանների դեմարկացիայի հետ կապված իրավիճակը մնում է օդում կախված, և այդ հարցով դեռ բանակցություններ են ընթանում, Ալիևը՝ «օգտվելով աղմուկից», հույս ունի «խլել» Հայաստանի հավելյալ տարածքներ:

Թե կոնկրետ որ հատվածներում են Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ տեղաշարժ իրականացնում, @wargonzo նախագիծը կհայտնի առաջիկայում»,-հայտնում է ալիքը: