Տիգրան Վիրաբյանը կդառնա Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին և քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»: