Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան

Սրանից է կախված, թե մեր հետագա քաղաքական դաշտն ինչպես կզարգանա: Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին:

Նա նկատեց, որ թեև մեծ ծավալի աշխատանք է տարվել, սակայն խոսեց նաև թերությունների մասին: Պատգամավորը նշեց, որ որոշակի պարտականություններ դնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, սակայն հարց է, թե արդյոք տալիս են բավարար գործիքակազմ:

«Մի մտահոգիչ կետ կա, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում փակելու ենք կուսակցություններ, քանի որ կուսակցություններ են լինելու, որ ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել ՀՀ-ում և այսօր այդպես չեն գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը, քանի որ եթե սա կիրառում ենք ամենայն խստությամբ, ստիպված են լինելու փակվել»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստանի» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ քաղաքական համակարգը ոնց հիվանդ կար, այնպես էլ հիվանդ մնաց և հեղափոխությունից հետո թեև առողջացման հույս կար, սակայն ամեն ինչ կիսատ մնաց: «Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և սրանով գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծով խնդիրները չեն լուծում, ամեն ինչ լրիվ նույնն է մնացել մենակ թղթաբանությունն է շատացել: