Տեխնիկան վայրենու ձեռքում մետաղի կույտ է դառնում. Սատանովսկիի կոշտ արձագանքը Փաշինյանի քննադատությանը (տեսանյութ)

Ռուս քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին, ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ, անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նշել արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառը, փոխանցում է tert.am-ը:

«Ղարաբաղում Հայաստանի պարտության պատճառը դարձել է երկրի ղեկավարության և բանակի հրամանատարության ոչ պրոֆեսիոնալիզմը, և ոչ թե ռուսական ՌԷՊ (ռադիոէլեկտրոային պայքար) համակարգերը»,- Սատանովսկին այսպես է արձագանքել՝ մեկնաբանելով Փաշինյանի բողոքները Ռուսաստանից գնված ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից:

«Տեխնիկան վայրենու ձեռքում մետաղի կույտ է դառնում», – հավելել է փորձագետը՝ նշելով, որ այդ համակարգերի միջոցով հարյուրավոր թուրքական անօդաչուներ են խոցվել Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Ղարաբաղում: Փորձագետի խոսքով՝ ռուսական այդ համակարգերն արդյունավետ են նաև իսրայելական անօդաչուների պարագայում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի իր ուղերձում նշել էր, որ արցախյան պատերազմի ժամանակ լավ չեն աշխատել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնցով պետք է փակվեր օդը: Այդ համակարգերը, Փաշինյանի խոսքով, գնվել էին 2017 թվականին՝ 42 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: