«Կուլտուրական ձևով պարոն Ղուկասյանը ապրանքը խլում է մեր ձեռքից». Անի Մարկու (տեսանյութ)

Գերմանիայից ուղարկված 2,5 տ բեռի շուրջ համացանցում մեծ աղմուկ բարձրանալուց հետո, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Բեռը ներկրվել է Գերմանիայից՝ որպես հումանիտար բեռ: Ներկրողը, Արթուր Խառատյանը, բեռից հրաժարվել է հօգուտ պետության և բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանում որպես մարդասիրական օգնություն, սակայն, պետք է նշենք, որ մարդասիրական օգնություն հավաքող գերմանահայերը փոքրիկ նվերներ են ուղարկել նաև իրենց ազգականներին:

Օրինակ, Արայիկ Հակոբյանը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ հաշմանդամ է դարձել և բուժվում է Գերմանիայում, քրոջ համար նվեր օծանելիք է ուղարկել, մեկ այլ քաղաքացի էլ դիմահարդարման պարագաներ, բեռի մեջ եղել են սրբապատկերներ և ափսեներ, մարզպետի բնորոշմամբ՝ թանկարժեք, սակայն նրանց գինը՝ 5-ից 10 եվրոյի սահմանում է եղել: Այս ամենը մարզպետարանը յուրացրել է, ասում են կազմակերպիչները:

Անի Մարկուն, ով անձամբ է Գերմանիայում կազմակերպել մարդասիրական օգնության հավաքագրումը՝ ի պատասխան Լոռու մարզպետի ֆյեսբուքյան գրառման, նշեց, որ Արթուր Խառատյանը չի խուսափել մաքսազերծումից: Ձեռք են բերել ներքին պայմանավորվածություն, որ ոչ հումանիտար արկղերը Արթուր Խառատյանը կվերցնի մարզպետարանից, հումանիտարն էլ կբաշխեն պատերազմից տուժած, կարիքավոր ընտանիքներին: Անի Մարկուն նշեց, որ եթե անգամ բեռում առկա են եղել հոգեմետ դեղեր, ապա դա արվել է իրենց ձեռքով, քանի որ Գերմանիայից Հայաստան հատել են մի քանի մաքսակետեր, բացի այդ, առանց դեղատոմսի Գերմանիայում հոգեմետ դեղեր գնել չէին կարող:

Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ կդիմի դատարան՝ իրեն վիրավորանք հասցնելու, զրպարտելու համար, գերմանահայերն էլ վճռական են՝ մինչև վերջ գնալու և իրենց իրերը ետ ստանալու:

Ի դեպ, բեռը մարզպետարանում ընդունել են փոխմարզպետ Գայանե Մարկոսյան-Սարգսյանը և մարզպետի օգնական Նոնա Հովհաննիսյանը:

Վերջում, Լոռու մարզպետին հարցրինք համացանցում իր պաշտոնանկության լուրերի իսկության մասին.

Մանրամասները՝ Լոռի ՀԸ տեսանյութում