Նիկոլը հրաժարական տվողը չէ, նա գրեթե չունի սրբություն, եթե ուրիշ ճար գիտենք, մտածենք այդ ուղղությամբ (տեսանյութ)

«Հայաստանն առանց Նիկոլի», «Նոր տարին առանց Նիկոլի», «Նիկոլ, հեռացի՛ր», «Նիկոլ, թող գնա՛»… Պետական դավաճանի կողմից կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո հաճախ կարելի է լսել ու կարդալ այս կարգախոսները: Բայց, ի՞նչ է, «հալվա, հալվա» ասելով, մարդու բերանը կարող է քացրանա՞լ…

Նիկոլն ինքնակամ հրաժարական տվողը չէ: Բավականաչափ ճանաչում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, ինչպես ասում են նման դեպքերում, նրա կաշին դաբաղանից գիտեմ, հետևաբար կարող եմ ասել` թող որևէ մեկը նրա հրաժարականի պատրանքը չունենա:  Հրաժարական չի տալու մի շարք պատճառներով, որոնցից կնշեմ ընդամենը մի քանիսը:

Հրաժարական չի տալու, որովհետև շատ լավ հասկանում է, որ դրանից հետո ինքը և իր ընտանիքը չունեն անվտանգության երաշխիքներ, որ առնվազն ինքը կարող է ենթարկվել հայերի դատ ու դատաստանին, վրեժին, առնվազն քրեական պատասխանատվության կանչվել ու կանգնել դատարանի առջև:

Հրաժարական չի տալու, որովհետև լինելով պետական դավաճան, Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր չարագործությունները դեռ սոսկ մասնակիորեն է իրագործել:

Հրաժարական չի տալու, որովհետև հայ ժողովրդի առջև այն ահավոր հանցանքը գործելուց հետո, որը նա գործեց, որպես ներկայիս իրավիճակի թիվ 1 պատասխանատու, կարող է հրաժարական տալ միայն զղջում, բարոյականություն, պատիվ, կտոր մը խիղճ, գութ, տարրական հայրենասիրություն ունեցող մարդը, իսկ Նիկոլը հաստատապես այդպիսին չէ:

Հրաժարական չի տալու, որովհետև երևի բացի միայն իր երեխաներից (նույնիսկ սրան էլ եմ կասկածում), սրբություն չունի, եթե մեկն ատրճանակը պահի իր և կնոջ վրա և ասի` ընտրություն կատարի, գրեթե կասկած չունեմ, որ նախընտրելու է իր ողջ մնալը, և Աննան էլ այդ մասին, կարծում եմ, գիտի: Համենայն դեպս, Հայրենիքը և հայ ազգը Նիկոլի համար սրբություններ չեն: Ոչ էլ աստված ունի, որովհետև աստվածապաշտ և աստվածավախ մարդն այսպես չէր կարող վարվել իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Եթե ունի աստված, ապա նրա աստվածը, դատելով Նիկոլի արածից, չարածից, վարքից, վարմունքից, վարած քաղաքականությունից, Քրիստոսը չէ, այլ նրա ախոյանը` Սատանան:

Նիկոլը թերևս ավելի շուտ ծնողին կհանձնի թուրքին, քան թե հրաժարական կտա հանուն հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի փրկության: Եթե նա հանուն այդ սրբությունների, ինքնակամ հրաժարական տա, և սխալվեմ վերոնշյալ համոզմունքիս հարցում, պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ սխալի համար: Բայց, կրկնում եմ, Հայրենիքը Նիկոլի համար սրբություն չէ: Ապացույցը թեկուզ այն, թե նա ինչ 2018թ. ապրիլին ինչ հայտարարեց և ինչ էր պատրաստվում անել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, եթե Սերժ Սարգսյանը կառավարության կողմից ծաղկեսպսակ դնելու համար համարձակվեր ոտք դնել այնտեղ:

Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք` Նիկոլը հայտարարեց, որ «թավշյաների» իր խմբի հետ միասին արգելափակելու է, թույլ չի տալու ՀՀ վարչապետի մուտքը Ծիծեռնակաբերդ: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական չներկայացներ և կառավարական պատվիրակության հետ միասին 24-ին գնար այնտեղ, փորձեր իր թիկնազորի, ոստիկանության, ներքին զորքերի կամ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատայինների միջոցով ճանապարհ հարթել: Անվարան կարելի է ասել, որ կլիներ բախում մի քանի հազար հոգու միջև, հարյուրավոր զոհերով ու վիրավորներով աննախադեպ արյունահեղություն, որի համեմատ «Մարտի 1»-ը մի չնչին ծեծկռտուք կթվար:

Ավելին` սկիզբը կդրվեր քաղաքացիական պատերազմի, երկրի ներքին իրավիճակը լիովին դուրս կգար վերահսկողությունից, և սահմանին զորք և ռազմական տեխնիկա կուտակած, կազմուպատրաստ սպասող Ադրբեջանի զինված ուժերը կներխուժեին Արցախ և Հայաստան:

Բացի վերոնշյալից, Եղեռնի հուշահամալիրում մարդկանց մեծ խմբերի միջև բախումը և արյունահեղությունն անպատվության անջնջելի խարան կլինեին մեր ողջ ազգի համար, Թուրքիան և Ադրբեջանը կասեին` սա չե՞ք, ուրեմն ձեզ հասնում էր ցեղասպանությունը: Բայց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց…

Նիկոլը հիմա է փորձում սադրել քաղաքացիական պատերազմ` դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ, այսինքն` իրականացնել այն ծրագիրը, որը 2018թ. ձախողվեց Սերժ Սարգսյանի զիջելու շնորհիվ, այն ծրագիրը, որի համար Արևմուտքի հայտնի ուժերն իրեն էապես նպաստել են իշխանությունը զավթելու հարցում:

Գոնե հիմա ոմանք հասկացա՞ն, թե իրականում ով է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, դերասանաբար գերհայրենասերի կերպարի մեջ մտած, պատերազմից առաջ, պատերազմի օրերին և այժմ ազգային անվտանգության և հայրենիքի պաշտպանության առումով մի շարք կարևոր գործողություններ չկատարած ու չկատարող, հակառակը` վերոնշյալի և ազգային շահերի առումով դրանց դեմ գործողություններ իրականացրած և իրականացնող պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը…

Ի դեպ, Նիկոլի` հրաժարական չտալու և քաղաքացիական պատերազմ հրահրելու հարցում երեկ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ, կարծում եմ, միանգամայն ճիշտ հետևություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ Նիկոլին կարելի՞ է պարտադրել հրաժարական… «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր Հայաստանի մի քանի բնակավայրերի առանձին փողոցներում, խաչմերուկներում քաղաքացիական անհնազանդության միջոցառումներ էր կազմակերպել, փակել այդ փողոցները, խաչմերուկները: Մասնակիցների քանակը հանրության մեծամասնությանը երևի պարզ է արդեն… Որոշ տեղերում ոստիկանությունն ուժ գործադրեց, հեշտությամբ բացեց փակված ճանապարհները, փակողներին էլ բերման ենթարկեց ոստիկանության բաժիններ, բաժանմունքներ…

Ընդդիմության, «Հայրենիքի փրկության շարժման» թերևս խոշոր սխալն է, որ Նիկոլին հրաժարականի համար ավելի վաղ չտվեց վերջնաժամկետ (սոսկ ձևական կողմը պահելու համար, ձևական, որովհետև, կրկնում եմ, Նիկոլը հրաժարական տվողը չէ), իսկ քաղաքացիական անհնազանդության միջոցառումները չսկսեց գոնե դեկտեմբերի 5-ից, օգտագործելով այդ օրը Ազատության հրապարակում հավաքվելուց հետո երթին մասնակցող ու նման միջոցառման համար մարդկանց միգուցե բավարար քանակը:

Բայց լավ, մի պահ պատկերացնենք, թե «Հայրենիքի փրկության շարժմանն» այդ օրը հաջողվեր կամ առաջիկայում մարդկանց մեծ քանակի շնորհիվ հաջողվի փակել հանրապետության գրեթե բոլոր քաղաքային բնակավայրերի բոլոր հիմնական ճանապարհները, միջքաղաքային ու միջպետական մայրուղիները: Հետո՞… Նիկոլը հրաժարական կտա՞ր ու կտա՞… Անձամբ ես վստահ չեմ այդ հարցում:

Նիկոլն այն մարդն է, որը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, այդ դեպքում կարող է մտածել` ոստիկանության ուժերը չեն բավականացնում, ոչինչ, ճանապարհների շրջափակումը թող շարունակվի, մարդիկ այնքան անհարմարություններ, նեղություններ կրեն, որ երկարատև շրջափակումից դժգոհ, զայրացած վարորդներն իրենք բացեն ճանապարհները, թող ժողովրդի մի մասն ինքը բախվի մյուսի հետ, թող իրար ուտեն, ես հրաժարական չեմ տա, կշարունակեմ ընտանիքիս ու քաղաքական թիմիս հետ միասին վայելել, իրականացնել հայակործան իմ առաքելությունը: Ահա թե ով է Նիկոլը, լավ ճանաչեք նրան ու թե ուրիշ ճար գիտեք, ավելի ճիշտ, ուրիշ ճար գիտենք, մտածենք այդ ուղղությամբ…

Զգուշացում ՀՀ գլխավոր դատախազին և ԱԱԾ ղեկավարությանը` Հայաստանում քաղաքացիական բախումներ կամ քաղաքացիական պատերազմ թույլ տալու, չկանխելու դեպքում իրենք Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես պատասխանատու են լինելու դրա համար:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ