ԱԺ-ը միջազգային հանրությանը կոչ է անում նպաստել հայ գերիների վերադարձին. ուղերձ

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ԱԺ-ն ընդունել է միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:

Դռնփակ նիստից հետո հիմնական զեկուցող, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է ընդունել ԱԺ ուղերձ և ընթերցել ուղերձի տեքստը:

«ՀՀ ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնև ի կոնվենցիաների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձև երի վերացման մասին 1965 թ. միջազգային կոնվենցիայի և  մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.

Հաշվի առնելով հայկական և  ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև  դիերը.

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված և  անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և  հոգեկան տառապանքները.

Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և  այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներում և  սոցիալական ցանցերում.

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած և  համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն և  թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու և  բռնության այլ դրսև որումների հերոսացմանը՝, ուղերձով դիմում է Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և  Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և  անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Եվ ԱԺ-ն կոչ է անում՝

հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և  անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.

պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և  դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և  անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.

պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և  քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև  ցանկացած այլ դրսև որման մեջ.

առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և  ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.

գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և  միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»:

Քվեարկությամբ ուղերձն ընդունվել է միաձայն՝ ստանալով 100 կողմ քվե: