Պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը․ Էջմիածին համայնքի ավագանու անդամ

Սիրելի՛ հայրենակիցներ, ես, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով Էջմիածին համայնքի ավագանու անդամ, խոսքս եմ ուղղում ձեզ:

Պատերազմի առաջին օրերից մենք միասնական կերպով արժանապատիվ կռիվ ենք տվել ինչպես ճակատում, այնպես էլ թիկունքում։

Հայրենիքի համար այս ճակատագրական օրերին բազմաթիվ հարցեր մինչ այժմ մնացել են անպատասխան և չլուծված։ ՀՀ սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են: Հայաստանի ու Արցախի համար այս վճռորոշ պահին պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն:

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, գերիներ, անհետ կորածներ և բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին։ Մինչ հիմա ոչ մի հարց չի լուծվել պետական մակարդով,
քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։

Յուրաքանչյուր րոպեն արժևորելով անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում նոր անդառնալի հետևանքներ չունենանք։ Ստեղծված իրավիճակում ամեն օր է՜լ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպասվող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության:

Ուստի այսօրվա հապաղումը կարող է դառնալ վաղվա անդառնալի աղետի սկիզբը:

Սուրեն Մուրադյան

Էջմիածին համայնքի ավագանու անդամ