Բոլորը տեղյակ են եղել, որ տղաները առանց զրահաբաճկոնի են. ինձ հրաման են տվել, կատարել եմ, որոշում կայացնողը եղել է Անդրանիկ Մակարյանը. Արսեն Աբգարյան

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց, նրանք նշում են, որ տվյալ զորամասից 34 զինծառայող անհետ կորել է և արդեն 50 օր է՝ նրանց մասին որևէ տեղեկություն չկա:

Ծնողները մտան զորամասի տարածք և հանդիպեցին զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, նրանք հարցրեցին հրամանատարին՝ ինչո՞ւ են զինվորներին առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի ուղարկել մարտական գործողության. «Որպես քիմիական գումարտակի հրամանատար, քիմիական զենք են օգտագործում, քեզ հրաման են տալիս առանց հակագազի դուրս գալ քիմմաքրում կատարել, կանե՞ս, ինչո՞ւ ես մեր երեխաներին առանց զրահաբաճկոնի տարել»,- Աբգարյանին հարցրեց ծնողներից մեկը:

Աբգարյանը պատասխանեց՝ այդ ամենից բոլորը տեղյակ են եղել. «Այդ ամենից տեղյակ են եղել բոլորը, ինձ հրաման են տվել, կատարել եմ, որոշում կայացնողը եղել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»: