ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հայտարարությունում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:

Խոսքը մի նախագծի մասին է, որը իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների (պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և տեխնիկան անձնակազմ) ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը:

Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների և ակադեմիական խորհուրդներում: Նախագծում ընդհանրապես չի հիշատակվում ռեկտորների կողմից կոլեկտիվ պայմանագիր կնքելու լիազորության մասին, ինչպես նաև չի ընդգծվում բուհերում գործող արհմիություններում և մասնագիտական միություններում միավորվելու աշխատողների իրավունքը:

Ինչը հավելյալ խթան կհանդիսանա բուհերում գործող արհմիությունների դերակատարության բարձրացմանը՝ նպաստելով բուհական համակարգի աշխատողների աշխատանքային և մասնագիտական իրավունքների արդյունավետ պաշտպանության ավելացմանը:

Ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել վիճահարույց դրույթ՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ: Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։ Այս դրույթը իսպառ ոչնչացնում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների օրինական շահերը:

ՀՀ բուհերի արհմիությունների կողմից թվարկված բոլոր թերությունները մատնանշվել են, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, ցավոք սրտի բոլորը առաջարկները մնացել են անպատասխան։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից և ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյակ օրենքի նախագիծը լրամշակելու համար:

Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված հնարավորությունների շրջանակներում իրականացնել գործողություններ հիշյալ օրենքի նախագծի ընդունումը կանխելու համար»: