Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 778 փախստական է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող 778 փախստականների տեղափոխող ավտոբուսներ են ուղեկցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Երևանից ավտոբուսներով այսօր 778 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր վերադարձել են ավելի քան 34 500 փախստականներ:

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ ռուս խաղաղապահներն ապահովում են ոչ միայն քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, այլ նաև հումանիտար օգնություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: