Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը. ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներին ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. ՀՀ կառավարությունը չի միջամտել

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։

Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.

«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ՝Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել:Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները:Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք,չենք թողել, որ առաջ գան»,-պատմում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.

«Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝երեկ են նահանջել 800մ.

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը: Պահանջում էին նաև 500մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանեց.

«Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել,կառավարությունը չի՞ լսել դրա մասին:Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ:Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»,-պատմեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը: