Կրակոցներ Վ. Սարգսյանի անվան համալսարանի մոտ. հայտնաբերվել է 2 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր, արյունոտ մահակ

Երևանում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում և այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։

Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ:

Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության և քննչական բաժնում ստեղծվել են օպերատիվ խմբեր: