«ՌԴ-ն հավելյալ միանվագ ներդրում կանի ԼՂ-ում գործունեություն ծավալող ԿԽՄԿ-ի բյուջեում». Լավրով

Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է հավելյալ միանվագ ներդրում անել Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ամեն առումով սատարում ենք միջազգային այն կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձն ու ներուժը ներդնել խաղաղ կյանքի վերականգնման համար։ Ռուսական ղեկավարությունը, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեում կամավոր հիմունքներով հավելյալ միանվագ ներդրում անելու որոշում է կայացրել»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ անցկացրած բանակցությունների ժամանակ։

ՌԴ արտգործնախարարը նաև ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն երկար տարիներ աշխատում է այդ տարածաշրջանում՝ ինչպես Երևանում ու Բաքվում, այնպես էլ Ստեփանակերտում։