Մեռնող-հառնող Ջալալը

Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մարտերում, տեսել 1994 թվականի մեծ հաղթանակը, անցել զինվորական ծառայության ամբողջ աստիճանակարգը՝ հրետանու հետախույզից մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանը :

«Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974 թ. Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1991 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ 17 տարեկանում միացել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին և դարձել հրետանավոր։

Շատ սիրելով ռազմական գործը՝ 1999 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանցությամբ։

Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մարտերում, տեսել 1994 թվականի մեծ հաղթանակը, անցել զինվորական ծառայության ամբողջ աստիճանակարգը՝ հրետանու հետախույզից մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ։

Բայց նման քաջ հերոսներին շատ է սիրում նաև Մահը։ Տարիներ շարունակ նրա մահն է տենչացել, նրան սպանելու մարմաջով է ապրել թշնամին։ Եվ առնվազն երեք անգամ սպանել է…

2015 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպանել է գնդապետ Ջալալ Հարությունյանին։ Հայտարարությունից մի քանի ժամ անց Ջալալը ելույթ ունեցավ Արցախի հեռուստատեսությամբ։

2016 թ. Քառօրյայի ժամանակ՝ ապրիլի 4-ին, ադբեջանցիները հայտարարեցին, որ ոչնչացրել են Ղարաբաղի հրամանատարական կետերը՝ սպանելով նաև Ջալալ Հարությունյանին։ Բայց շուտով զորավարը, իր ազգանվան իմաստաբանությանը համապատասխան, «հարություն» առավ։ Այս տարվա սկզբին նա նշանակվեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-Արցախի պաշտպանության նախարար։

Բայց մահն ու թշնամին շարունակում էին հետապնդել հերոսին։ Վերջին պատերազմի հենց սկզբից նա նշանառության տակ էր։ Պատերազմի սկզբից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, ադրբեջանցիներին հաջողվեց հայտնաբերել և գնդակոծել հրամանատարի ավտոմեքենան։ Թվում էր՝ մահը վերջապես գտավ նրան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահ հայտարարեց, որ հատուկ գործողության արդյունքում Ջալալ Հարությունյանը սպանվել է։ Բայց երրորդ փորձը նույնպես անհաջող էր։

Ծանր վիրավորված զորավարը արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Տպավորությունն այն է, որ Ջալալ Հարությունյանի ճակատագրում բեկված է Արա Գեղեցիկի՝ մեռնող և հարություն առնող աստվածության պահպանիչ ուժը։ Բայց ոչ միայն…

Պատմում են, որ երբ 17-ամյա Ջալալը փախել է տնից և միացել Քարագլուխ դիրքի մարտիկներին, մայրը գնացել է հրամանատարի մոտ և պահանջել որդուն։ Հրամանատարը ժպտալով ասել է, որ տղան ինքնակամ է եկել։

Ջալալի մայրը՝ Սվետլանա Առուշանյանը, բուժքույր էր։ Նա դաստիարակված էր խորհրդային ոգով և չէր հավատում Աստծո գոյությանը։ Բայց օրերից մի օր Սվետլանային տեսիլք է երևում, որ ռազմաճակատում գտնվող իր տղան մեծ վտանգի մեջ է։ Նա դուրս է գալիս, ձեռքերը պարզում դեպի երկինք և աղերսում, որ Աստված փրկի իր երեխային։

Պարզվում է, որ այդ ժամանակ հետախուզության գնացած Ջալալը և ընկերը վերադառնալիս ուժասպառ վիճակում պառկում են անտառում և քնում։ Հանկարծ քնի մեջ տղամարդու մի ահազդու ձայն Ջալալին ասում է.

-Վե՛ր կաց, տղա՛, դու վտանգի մեջ ես…

Ջալալը վեր է թռչում, տեսնում, որ ընկերը կողքը քնած է, իսկ մի քիչ հեռու՝ ծառերի տակ, լսվում են ադրբեջաներեն ձայներ։ Ջալալը արագ արթնացնում է ընկերոջը։ Վերցնում են ավտոմատները և փախչում՝ ծառերի արանքից տեսնելով թշնամու զինված ջոկատը։

Այս պատմությունը մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Ջալալ Հարությունյանին հաջողվել է փրկվել անխուսափելի թվացող մահվան ճիրաններից։ Եվ շատ հավանական է, որ ամբողջ կյանքում հենց մայրական աղոթքը, Աստծու հետ մոր աներևույթ առնչությունն է պահպանում Ջալալ Հարությունյանի կյանքը»,- գրել է Սեյրան Գրիգորյանը։