ՀՀ առաջին նախագահը քաղաքացիական պատերազմի թեմա է օրակարգ բերում․ Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջի նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հոդվածին, որում վերջինս խոսում էր երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Հրանտ Մելիք–Շահնազարյանի գրառման մեջ ասվում է․

«Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածն ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող տարատեսակ վտանգների մասին: Մինչ հանրությունը խոսում է մեզ վրա հասած աղետի, ազգային խայտառակության մասին, ՀՀ առաջին նախագահը քաղաքացիական պատերազմի թեմա է օրակարգ բերում։ Սկզբում նա այդ աղետի մասին խոսեց իր մամուլի խոսնակի շուրթերով, հետո որոշեց անձամբ հանդես գալ, քաղաքացիական պատերազմի հակամարտող կողմեր նշանակել, զուգահեռներ անցկացնել այդ կողմերի առաջնորդների միջև և գուժել սպասվող «ներազգային բախումների» մասին։

Արդար լինելու համար պետք է նշեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանն այդ քաղաքացիական պատերազմից խուսափելու ուղին էլ է ցույց տալիս։ Ասում է՝ ընդդիմությունը պետք է ոչինչ չանի, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրական ճանապարհով հեռանա։ Դե, բառերն ուղիղ մեջբերում չեն, բայց միտքն այդ է։

Հիմա հարց՝ ի՞նչ է անում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ իս, բացառապես մեկ բան՝ պաշտպանում է իր սիրելի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին ու վերջինիս իշխանությունը։ Զարմացա՞ծ եք։ Ես ոչ։

P.S. Ի դեպ, զգացե՞լ եք, թե ԼՏՊ-ն ու իր հետևորդները որքան են վախենում «բռնություն» բառից։ Հոշոտել բառը նրանց ականջին ավելի նուրբ է հնչում, քան բռնությունը։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև կոդ կա բռնություն բառի տակ դրված։ Դա այն նույն կոդն է, որի շնորհիվ արյունով ու ոգով լտպ-ականները կարողացել են ազգային շահը ստորադասել մարդու իրավունքին, իսկ հետո իշխանություն զավթել Հայաստանում»։