ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը քննարկվելիք թեմաների վերեբերյալ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից հայտնել են, թե ինչ թեմաների շուրջ են քննարկումներ նախատեսվում Հայաստանի և ՌԴ-ի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:

«ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցությանը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ խմբ.) դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի ամբողջական շրջանակը: Կարծիքների առարկայական փոխանակում կկայանա միջազգային և տարածաշրջանային թեմաներով: Կդիտարկվի 2020-21 թթ. ՌԴ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ-ի միջև խորհրդակցությունների ծրագրի իրականացման ընթացքը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրականացման գործնական հայեցակետերի դիտարկումը:

«Տարածաշրջանում մարդասիրական աջակցության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տարնսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի այդ թվում ռուսական միջգերատեսչական պատվիրակության՝ նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցերին»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Արա Այվազյանի այցը Մոսկվա կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ ուղղված երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում հետագա սերտ համագործակցության զարգացմանը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրադրությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: