Իրանը պատրաստվում է խթանել նավթի արտահանումը՝ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվելու դեպքում

Իրանի նավթի նախարարությանը հանձնարարվել է պատրաստվել առաջիկա երեք ամիսների ընթացքում նավթի արդյունահանումն ու արտահանումն ամբողջ հզորությամբ կազմակերպելուն՝ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման դեպքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

«Նավթի նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը հաջորդ երեք ամիսների ընթացքում նավթարդյունաբերության օբյեկտներն արտադրության և իրացման առկա հզորություններին համապատասխան պատրաստելու համար»,- ասել է Ռոհանին:

Իրանը օրական ավելի քան 2 միլիոն բարել նավթ էր արտահանում մինչ ԱՄՆ-ի իրանական միջուկային գործարքից դուրս գալը և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը:

Փորձագետների կարծիքով, Իրանն այժմ օրական արտահանում է ավելի քան 300 հազար բարել նավթ՝ 2018-ին օրական արտահանվող 2.8 միլիոն բարել գագաթնակետի համեմատ: