Նիկոլը հեռանալու է՝ լավով կամ վատով, իսկ «մտավորականները», որ հիմա լռում են, չեն խուսափելու պատասխանատվությունից․ Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանն անկասկած հեռանալու է, իսկ մտավորականները, որոնք այս ընթացքում նրա գովքն են արել և հիմա լռում են, չեն խուսափելու պատասխանատվությունից։ Գրառումը՝ ստորև․

«Նիկոլը հեռանալու է՝ լավով կամ վատով: Ազգադավն այլևս հետաքրքիր չէ: Գլխավոր խնդիրը նիկոլիզմը ոչնչացնելն է, եթե, իհարկե, պետություն ունենալու, կորցրածը հետ բերելու հավակնություններ կան: Ուստի այսպես կոչված մտավորականի և հայտնի մարդու համարում ունեցողները, որ 2.5 տարի ծափահարել են ազգադավին ու հիմա լռում են, չեն խուսափելու պատասխանատվությունից: Անիծվելու են ու մինչև վերջ վարկաբեկվելու են:

Նրանք փողոց դուրս գալ չեն կարողանալու, նրանց զավակները ազգանուններ են փոխելու: Նրանց մասին գրքեր են գրվելու, ֆիլմեր են նկարվելու, նրանց նկարները «ազգային ամոթի թանգարանում» փակցվելու են: Նիկոլիզմը մինչև վերջ ոչնչացվելու է: Նիկոլիզմի ապամոնտաժումն այլընտրանք չունի»: