Ռուսաստանի ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են հիվանդների ընդունումը

Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում տեղի բնակչությանը օգնություն է ցուցաբերում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն  են ցուցաբերում թերապևտները, վիրաբույժները և այլ ոլորտային մասնագետները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ, նրանց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

«Նախօրեին սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը Մարտակերտ բնակավայրում»,-ավելացվում է հաղորդագրության մեջ: