Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անխուսափելի են. թուրք վերլուծաբան

12 պատժամիջոցներից առնվազն 5-ը, որոնք ամերիկացի օրենսդիրները ծրագրել էին Թուրքիայի նկատմամբ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով, այժմ անխուսափելի են, հայտարարել է Վաշինգտոնի Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի տնօրեն Յավուզ Բայդարը, գրում է Ahval-ը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, սպասում էր, որ ամերիկացի օրենսդիրները կփոխեն իրենց կարծիքը՝ հիմնվելով նրա վերջին մեկնաբանությունների վրա, որոնց համաձայն՝ Թուրքիան նայում է դեպի Արևմուտք, Եվրոպական Միություն, Միացյալ Նահանգներ, ուստի կառավարությունը, հնարավոր է, զարմացել է, թե ինչո՞ւ այդ մեկնաբանությունները ինչ-որ բանի չեն հանգեցրել»,-նշել է վերլուծաբանը։

Նրա կարծիքով՝ «սա խորը թյուրիմացության արդյունք է առ այն, որ ագրեսիվ և մեկուսի քաղաքականության տարիները կարելի է ուղղել մի գիշերվա ընթացքում՝ մի քանի մեկնաբանությամբ»։

Նրա խոսքով՝ վատագույն պատժամիջոցները կլինեն պաշտպանական և այլ ոլորտներում թուրք-ամերիկյան առևտրային հարաբերությունները սահմանափակող արգելքները: Կան պատժամիջոցներ, որոնք կարող են խանգարել Թուրքիայում զենքի արտադրությանը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներ ստանալու թուրքական բանակի շանսերին։