Կորոնավիրուսին ավելացել է նիկոլավիրուսը, այ դրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան

«1988 թվականից՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից ես գտնվել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում խոսելու, քանի որ շատ շատերը արտահայտվում են, թե մտավորականությունը լուռ է, փորձում է հարմարվել, ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել»,- այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:

«Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսել են էն դուխով, ճղճիմ ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են: Այն, ինչի առաջ այսօր կանգնած է երկիրը, անգամ վատ երազում դժվար է պատկերացնել: Արցախի կեսի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր, ինչպե՞ս շարունակում: Կորոնավիրուսն էլ որտեղից եկավ, բայց նրան ավելացել է նիկոլավիրուսը, այ դրանից է պետք հիմա ազատվել»,- նշեց նա:

Դերասանի խոսքով՝ այդ ազատման ճանապարհը բարոյական հոգեբանական մթնոլորտն է, որտեղ մենք ապրում ենք այսօր. «Պառակտումը, իրար ատելը, իրար չլսելը երկիրը կտանի փակուղի, մենք պետք է կարողանանք ոչ թե ուժ գտնել՝ ոտքի կանգնելու, այլ իրար հավատալու, իրար լսելու, իրար հարգելու, ուրիշ հայաստանցի չկա, դրանք մենք ենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստան վերադարձնենք հավատ, արժանապատվություն․ միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»,- շեշտեց նա: