Մահացու պոլիգոն. ե՞րբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի դեմ. LIFE

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինան մտադիր է ավելի շատ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ իր տարածքում և դեռ ձգտում է դառնալ դաշինքի անդամ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն կամրապնդի անվտանգության միջոցառումները Սև ծովում:

Դեպքերի նման զարգացման համատեքստում LIFE-ը հրապարակել է քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովի տեսակետն առ այն, թե ինչպես և երբ են  ցանկանում սկսել Ռուսաստանի մասնակցությամբ հերթական ռազմական հակամարտությունը:

Հեղինակը նշում է, որ Արևմուտքի համար այս ամենի նշանակությունը հակառուսական բովանդակությունն է, սակայն որքան էլ զորավարժությունները շատ լինեն, դրանք, միևնույն է, որակի վրա ազդեցություն չեն ունենա: Այլ կերպ ասած՝ անցկացվելիք համատեղ զորավարժությունների քանակից անկախ՝ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ անդամ չի դառնա, բայց հիանալի կխաղա զոհի իր դերը սպասվելիք պատերազմներում:

Ռոդիոնովի կարծիքով՝ իր խոսքում Կուլեբան հենց այնպես չի նշել Սև ծովը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը սպառնացել է ավելացնել հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը սևծովյան տարածաշրջանում, որում հատկապես կարևորել է Ուկրաինայի դերը: Այս պատճառով էլ վերջերս ամերիկյան ռազմանավերի առկայությունը Սև ծովում դարձել է ավելի հաճախակի:

«ԱՄՆ զինվորականները Ռուսաստանի դեմ սադրանքներ են գործում արդեն ամենուր, նույնիսկ Խաղաղ օվկիանոսում»,- նշում է քաղաքագետը՝ հավելեով, որ, ըստ տեղեկությունների՝ վերակազմավորվել է ԱՄՆ Ատլանտյան նավատորմը, որը լուծարվել էր 2000-ականներին, երբ Արևմուտքը Մոսկվային մրցակից չէր համարում:

«Եթե նայենք ընդհանուր քարտեզին, ապա ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին սեղմել բոլոր կողմերից՝ հնարավորինս շատ մոտենալով նրա սահմաններին: Եվ Ուկրաինան այստեղ  կատարյալ տարբերակ է, այնտեղ կարելի է և սպառնալից զորավարժություններ անցկացնել, և բազաներ տեղակայել և նույնիսկ հրթիռներ: Եվրոպացիներն այս գաղափարն այդքան էլ չեն ողջունում, սակայն Կիևը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ապացուցի իր հավատարմությունը»,-նշել է քաղաքագետը:

Հաշվի առնելով ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով ավելացնելու է ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ը որևէ երկրի հետ բախման գնալուց առաջ ռազմաբազաներ է տեղադրում հարևան պետություններում, պատերազմում` այլ պետությունների միջոցով»,-նշել է հեղինակը:

Բացի դրանից, Ուկրաինան հայտարարել է Թուրքիայից անօդաչու սարքեր գնելու պատրաստակամության մասին, որոնք պիտի կիրառվեն Ռուսաստանի հետ սահմանը հսկելու համար:

«Կարելի է ասել, որ Ուկրաինան կարող է դառնալ հաջորդ համաշխարհային պատերազմի պատրվակն ու առաջին «սրբազան զոհը»: Եվ այս սցենարում պետք չէ չնկատել Էրդողանի քաղաքական ախորժակը», – գրել է հեղինակը: