«Տարածաշրջանի բոլոր ահաբեկիչները կրթություն են ստացել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող դպրոցներում». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ «տարածաշրջանի յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում կրթություն է ստացել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող կրոնական դպրոցներում», գրում է almasdarnews.com -ը։

Այս առնչությամբ, երկրի պաշտոնական ներկայացուցիչն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մանրամասնել է. «Սաուդյան Արաբիայի ոչ մի խառնաշփոթ չի կարող թաքցնել այս տգեղ իրողությունը»։

Մեկ այլ գրառմամբ էլ նա շեշտել է. «Եմենում նրանց ոճրագործությունները և լրագրող Ջամալ Խաշոգջիի տխրահռչակ սպանությունը նրանց այլ հնարքներն են, և դրանցից վերջինը պաղեստինցիների դեմ ահաբեկչության հովանավոր պետության կողքին կանգնելն  է… Սաուդցիները պետք է փոխեն իրենց ընթացքը։ Լարվածությունը բորբոքելու քաղաքականությունն այլևս հնարավոր չէ տանել»։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակի թվիթերյան այս գրառումները պատասխանն են Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրի օրերս հնչեցրած հայտարարությանն այն մասին, թե թագավորությունը չի պաշտպանում սպանությունների քաղաքականությունը, և որ Իրանը յուրաքանչյուր երկրաշարժի կամ ջրհեղեղի համար մեղադրում է Սաուդյան Արաբիային: