Ֆրանսիայի ԱԺ դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը՝ ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված՝ ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։

Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,- նշված է մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը, Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։