Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկանների թիվը գերազանցում է Լիբիայում սպանվածներին. SOHR

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի տարածքից վերջերս Սիրիա վերադարձած գրոհայիններից մի քանիսին, նոր տվյալներ է հրապարակել Ադրբեջանի շարքերում կռվող սիրիացի վարձկանների վերաբերյալ:

Ինչպես կենտրոնը տեղեկացնում է, Սիրիա վերադարձած գրոհայինները տարբեր չափի վարձավճարներ են ստացել: Նրանցից ոմանց տվել են 3500 դոլար և 600 թուրքական լիրա, մյուս խմբին՝ 1000 դոլար և 1000 լիրա, ոմանք էլ երկու անգամ են վարձատրվել՝ ընդհանուր 5000 թուրքական լիրայի չափով: Արդյունքում բոլոր վարձկաններն էլ նշել են, որ ամբողջ գումարը չեն ստացել:

Սիրիական կենտրոնը տեղեկացնում է նաև, որ Արցախում սպանված սիրիացի վարձկանների թիվը գերազանցում է Լիբիայում սպանվածներին: Կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել: Իսկ Լիբիայում նրանց թիվը կազմել է 468:

Դիտորդական կենտրոնի հաղորդմամբ՝ նրանցից 340-ի մարմինն Ադրբեջանից տեղափոխվել է Սիրիա:

Նշվում է, որ թուրքամետ ուժերի անդամ 825 գրոհայիններ դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Ընդհանուր առմամբ, թուրքական կառավարության աջակցությամբ Ադրբեջան էր տեղափոխվել 2580 սիրիացի վարձկան:

Հիշեցնենք, որ սիրիական կենտրոնից ավելի վաղ ստացված տեղեկության համաձայն՝ 900 սիրիացի գրոհային վերադարձել է հայրենիք: