Ազգային անվտանգությա՞ն, թե թշնամու անվտանգության ծառայություն, ԱԱԾ, թե՞ ԹԱԾ…(մաս 2)

Կատարվածի պատասխանատվությունը նաև ԱԱԾ-ի պարանոցին է

 

Սկիզբը` այստեղ 

Վերնագրով արտահայտված հարցը հենց այնպես չէ, որ առաջացել է, այսպիսի հարցադրման համար արդեն կան բավարար հիմքեր: Եթե ԱԱԾ-ում (սույն մարմինը պաշտոնապես այդպես է հանդես գալիս և այդպես է ներկայացվում) գլխի չեն ընկնում, թե ինչ նկատի ունենք ու բացատրության կարիք ունեն, սիրով կբացատրենք ու կմանրամասնենք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ս. թ. նոյեմբերի 30-ին հանդես եկավ վերջերս մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հրապարակած կարևոր տեղեկությունների առնչությամբ մի «պարզաբանմամբ», որը զավեշտական կանվանեինք, եթե ընդհանուր իրավիճակը չլիներ այս աստիճան տխուր, ավելին` ողբերգական: Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ վերոնշյալ «պարզաբանման» վերաբերյալ և ԱԱԾ-ին ուղղված արձագանքի շարունակությունը:

Ութերորդ. Խնդրո առարկա պարզաբանմամբ հանդես գալուց առաջ նախ բարի եղեք հանրությանը պարզաբանել, թե ինչո՞ւ եք ԱԱԾ հրավիրել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին… Արդեն այդ օրի՞ն ենք հասել, ավելի ճիշտ` գահավիժել տխրահռչակ 37-38 թվականները: Օրվա իշխանությանը ծառայելու մարմաջով ու նրա քաղաքական գործիքը դարձած, այդ ի՞նչ և ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս: Եթե շարունակեք այսպիսի ոգևորությամբ ծառայել Փաշինյանին ու նրա հանցավոր վարչախմբին, չեմ կարող բացառել, որ մի օր էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարող եք հրավիրել ԱԱԾ, որն այդ ժամանակ արդեն լիարժեքորեն վերածած կլինեք «Չեկա»-ի կամ ՆԿՎԴ-ի: Կանգ առեք ու սթափվեք, մտածեք ու հասկացեք, թե ինչ եք անում, վաղը պատասխան եք տալու ամենի համար:

Ի դեպ, եթե «Չեկա»-ի կամ ՆԿՎԴ-ի վերածվելու վտանգի մասին սույն նախազգուշացումս ձեզ մոտ ինչ-որ հուզագրգիռներ կառաջացնի, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթը դեռ 2016թ. դեկտեմբերի 21-ին անդրադառնալով ձեր մասնագիտական տոնին, հանդես է եկել «Ձերժինսկու արժանի զավակները. ոչ թե ԱԱԾ-ի, այլ «ՆԿՎԴ»-ի օր» վերտառությամբ հրապարակմամբ : Վերընթերցեք այն և ըմբոշխնեք:

Past.am ()-ին հասած տեղեկությունների համաձայն, «Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրերս Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Եթե Մայր Աթոռի դիվանապետին իր այս հայտարարության համար եք հրավիրել ԱԱԾ, ապա իմացեք, որ նա դեռ շատ մեղմ է արտահայտվել, ես նույնպես միանում եմ նշված հայտարարությանը, և, կարծում եմ, բազմահազար հայեր նույնպես կմիանան տվյալ հայտարարությանը, իսկ եթե մեկ այլ բանի համար եք հրավիրել, քանի որ պարզաբանումների սիրահար եք, բարի եղեք պարզաբանել, թե ինչու…

Իններորդ. Խնդրո առարկա պարզաբանմամբ հանդես գալուց առաջ լավ կլինի մտածեք նաև, թե Փաշինյանն իր դրածոների հետ միասին և հենց դուք ինքներդ ձեզ ինչպես և ինչ վիճակի եք հասցրել, որ բոլոր նրանք, ում համար «սպայի պատիվ» հասկացությունը խորթ չէ, ստիպված են լինում ցավով դիմում գրել ու հեռանալ ԱԱԾ-ից: Վերջինը, ցավոք, արդեն պահեստազորի սպա, մայոր Գրիգորի Թավադյանն  էր: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Թավադյանը միակը չէ, որ ազատվելու դիմում է գրել, պարզապես նա այն համարձակներից է, որն այդ մասին հայտարարել է»։

Տասներորդ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պետական դավաճանը ձեր իսկ անմիջական գործողությունների արդյունքում արդեն պետք է ձերբակալված ու կալանավորված լիներ, բայց նա դեռ ազատության մեջ է ու շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը: Այս ամենից հետո դուք դեռ համարձակվո՞ւմ եք այս պարզաբանմամբ հանդես գալ, սսկվելու փոխարեն, ձեզ այդպիսի բարոյական իրավո՞ւնք եք վերապահում…

ԱԱԾ-ն հայտարարելով, որ «Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն», ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի, իր հրապարակած մասնավորապես ո՞ր տեղեկությունները նկատի ուներ: Պատասխանելով մեր այս հարցին, Գառնիկ Իսագուլյանն ասաց.

«Քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն ինքը չի մասնավորեցրել, թե որոշակի որ տեղեկատվությանը չի տիրապետում, կարող եմ ասել հետևյալը. մենք արել ենք բազմաթիվ հայտարարություններ, ընդ որում, ոչ միայն այս վերջին մամուլի ասուլիսին, այլ 2 տարի անընդհատ անում ենք, և երկու տարվա ընթացքում մեր հայտարարություններից շատ-շատերը, ինչպես կյանքն է ապացուցել, համապատասխանում են իրականությանը: Հիմա թե ԱԱԾ-ն ինչո՞ւ նման տեղեկատվության չի տիրապետում, բացառապես իր խնդիրն է, ինքը պարտավոր է դրան տիրապետել: Դա ցույց է տալիս, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր ծառայում է ոչ թե պետությանը, ազգային անվտանգությանը և շահերին, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական և ընտանեկան շահերին, որոնք ազգային անվտանգության, պետական անվտանգության, մեր ազգային ու պետական շահերի հետ բացարձակ կապ չունեն: Վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Նիկոլը հայրենիքի դավաճան է, կատարվածի համար ուրիշ որևէ մեկնաբանություն ու պարզաբանում, կարծում եմ, որևէ մեկը պետք է չտա: Ծախեց կամ հանձնեց մեր հայրենիքը, 5000-ից ավելի զոհ տվեց, և այդ ամեն ինչի պատասխանատվությունը Նիկոլի պարանոցին է:

Ճիշտն ասած, ես ընդհանրապես չգիտեմ, թե ԱԱԾ-ն բացի Նիկոլի հանձնարարականներից, ուրիշ որևէ տեղեկություն ունի՞, թե չունի: Նիկոլն ասում է` գնացեք սրան բռնեք, վազում են, բռնում են, այս գործը հարուցեք, հարուցում են, կարծում եմ, այդ կառույցն իր անվան հետ հիմա որևէ առնչություն չունի»:

Իսագուլյանի ասածներից, կարծում եմ, կարելի է չհամաձայնել միայն նրա այն մտքին, թե «այդ ամեն ինչի պատասխանատվությունը Նիկոլի պարանոցին է»: Կատարվածի պատասխանատվությունը նաև ԱԱԾ-ի պարանոցին է, որի սրբազան պարտականությունն էր ու պարտականությունն է ազգային անվտանգության ապահովումը, ինչը նշված կառույցը ձախողել է: Տողերիս հեղինակն ունի այս պնդման լիարժեք հիմնավորումները, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

 

Արթուր Հովհաննիսյան