ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները՝  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ  Լը Դրիանը,  ողջունել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց նախորդ պարտավորությունները: Համանախագահող երկրները կարևորում են Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալու հարցում ռազմական գործողությունները չվերսկսելը երաշխավորելու համար Ռուսաստանի իրականացրած միջոցառումները: Նրանք կոչ են անում նաև տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին և բոլոր կողմերին հորդորում հեշտացնել այդ գործընթացը:

Համանախագահող երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցնում են մարդասիրական միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման պարտավորության մասին: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված մարդկանց ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ վերադարձի պայմանները երաշխավորելու կարևորությունը:  Ընդգծվել է նաև Լեռնային  Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմական և կրոնական ժառանգության պահպանման  կարևորությունը: Համանախագահող երկրները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում լիովին համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ շրջաններում իրենց պարտավորությունները կատարելու և ապահովելու մարդասիրական հասանելիությունը:

Համանախագահող երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին պետություններին՝ հստակ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահող երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են օգտվել հրադադարի ռեժիմից ու կայուն և երկարատև խաղաղության բանակցություններ վարել համանախագահների հովանու ներքո: Այդ համատեքստում համանախագահող երկրները կողմերին հորդորում են համանախագահներին ընդունել տարածաշրջանում և պարտավորվել համաձայնեցված ժամանակացույցով առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հիշեցնում են վեճերը լուծելու համար ուժ կամ սպառնալիքի չկիրառելու վերաբերյալ իրենց վճռականությունը: Նրանք ևս մեկ անգամ կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բոլոր խնդիրները բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը, որոնց հիմնարար սկզբունքներն ու տարրերը քաջ հայտնի են թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին: Համանախագահող երկրները շարունակում են հետամուտ լինել իրենց նպատակին, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն և բարգավաճմանն ուղղված երկարամյա ջանքերը: