Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ընդհանուր առմամբ, ԼՂ վերադարձած փախստականների թիվը գերազանցում է 28 հազարը։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկակացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Խաղաղ բնակիչները Հայաստանի տարածքից վերադառնում են Լեռնային Ղարաբաղ։ Մեկ օրում նախկին բնակության վայրեր է վերադարձել ևս 1479 մարդ։ Խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում արդեն ապահովվել է ավելի քան 28 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,- հայտնել է Կոնաշենկովը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, շփման գծի ամբողջ երկայնքով նախկինի պես պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը։ Ռուս խաղաղապագները շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի շրջանները պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան վեց հեկտար տարածք և երկու կիլոմետր ճանապարհահատված։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։