Եթե ինձ մեղադրանք չառաջադրեն, ուրեմն ԱԱԾ-ն միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու փորձ է իրականացնում, այդ դեպքում կդիմեմ դատարան ու ՄԻՊ․ Բ․ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայան այսօր ներկայացել է ԱԱԾ՝ բացատրություն պահանջելու՝ իր լուսանկարը նոյեմբերի 9-10-ի գիշերն ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչների ու մասնակիցների մասին տեսանյութում զետեղելու առնչությամբ։

Նա նշել է, որ թեև ԱԱԾ-ից ներկայանալու ծանուցում չի ստացել, եկել է հարցը պարզաբանելու համար։

«Եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ես համարելու եմ, որ դա քաղաքական հետապնդման փորձ է, միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու պատվեր է իրականացնում ԱԱԾ-ը։

Այդ դեպքում պատրաստվում եմ դիմել նաև ՄԻՊ-ին, քանի որ ակնհայտորեն խախտվում է մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը, պատրաստվում եմ դիմել նաև դատարան՝ պատվի, արժանապատվության ոտնահարումը հիմք ընդունելով»,- մինչ ԱԱԾ մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։

Նա նշեց, որ այս ընթացքում մեկ անգամ հարցաքննվել է, բայց ոչ այս էպիզոդով․ հարցաքննությունը կառավարական շենքեր ներխուժելու մասին չի եղել։

Բագրատ Եսայանը նաև նշեց, որ երեկվա հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն քաղաքական պատվեր է իրականացնում։