Եթե հաշվի առնենք՝ գերի տղերքը սոված են և հաստատ ցուրտ տեղում են, տանը հանգիստ հաց ուտելը և տաք անկողնում քնելն ավելի վնաս կլինի իմ առողջությանը․ Արշակ Զաքարյան

«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը 3-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկել դավաճանության համար: Հացադուլն Արշակ Զաքարյանի համար հնարավորություն է քաղաքացիների հետ շփվելու և քննարկելու ազգադավ իշխանությունների կողմից իրականացրած ծրագրերի վտանգավորությունը, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու ճանապարհներ փնտրելու, որի առաջին նախապայմանը ներկա իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է։ Պետք է հանրային այսպիսի պահանջ ձևավորվի և կյանքի կոչվի։ Հարցին, թե հացադուլի նպատակը նաև իշխանությունների հրաժարականը չէ՞, Արշակ Զաքարյանն ասաց, որ ինքը որևէ ձևով չի նպաստել այսօրվա իշխանությունների հաստատմանը, ինքը չի բերել նրանց, հետևաբար ինքը չէ, որ պիտի նրանց հրաժարականը պահանջի, ինքն իշխանություններին պահանջ չունի․ «Իմ կարծիքով այսօրվա իշխանությունները հանցագործ են և պետք է դատվեն, ես ինչպե՞ս կարող եմ հանցագործներից որևէ բան պահանջել։ Ես հասարակությունից, մեր քաղաքացիներից, ժողովրդից ու պատկան կառույցներից եմ պահանջում դատել պետական հանցագործներին։ Շատերը գալիս են, հանդիպում ինձ հետ և խոստովանում, որ սխալվել են, խաբված են։ Հացադուլի նպատակներից մեկն էլ հենց դա է՝ ազգադավ մարդկանց վստահողները գոնե քաջ գտնվեն և խոստովանեն իրենց սխալը, դադարեն սատարել երկիրը, հայոց պետականությունը կործանման տանող իշխանություններին, գոնե իրենք իրենց խոստովանեն և հասկանան, որ այս իշխանություններին արագորեն պետք է հեռացնել, քանի դեռ հայրենիքն ամբողջությամբ չի հանձնվել թուրքին ու գլոբալիստ սրիկաներին»։

«Հայոց ազգային գվարդիայի» ղեկավարի ինքնազգացողությունը բավարար է, հացադուլն անորոշ ժամանակով է հայտարարված, և չնայած ցուրտ եղանակին՝ նա մարտական է տրամադրված, քանի ուժերը, առողջությունը ներում են, հրաժարվելու է սննդից։

«Եթե հաշվի առնենք, որ գերի տղերքը սոված են և հաստատ ցուրտ տեղում են, ավելին՝ խոշտանգումների են ենթարկվում, գնալ տանը նստելը, հանգիստ հաց ուտելը և տաք անկողնում քնելն ավելի վնաս կլինի իմ առողջությանը, քան հացադուլը։ Այսպես գոնե գիտես, որ մի բան փորձում ես անել՝ պայքարելու համար։ Պայքարի այս եղանակն եմ ընտրել, դեռ այլ հնարավորույուն չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց Արշակ Զաքարյանը։

Հիշեցնենք, որ երեկ հացադուլի 9-րդ օրը կառավարության շենքի մոտ հացադուլը դադարեցրեցին Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանը և Տիգրան Սուքիասյանը Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին 2-րդի այցից ու հորդորից հետո։ Մինչ այդ էլ նոյեմբերի 29-ին բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հորդորով՝ հացադուլը դադարեցրել էին ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն ու զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։

Թագուհի Ասլանյան