Քննարկվում են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների բնակիչներին տրամադրված վարկերի մարման եղանակները. ԿԲ

Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին տրամադրված վարկերի ստույգ ծավալները գնահատելու համար վերլուծություններ են իրականացվում, որոնք դեռևս ամփոփված չեն: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայում ընթանում են քննարկումներ»,- ասվում է հարցման պատասխանում:

ԿԲ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ տարածքում գործող թվով 17 բանկերից 7-ն ունեն մասնաճյուղեր Արցախում: Այժմ Կենտրոնական բանկի և բանկերի կողմից իրականացվում են համատեղ քայլեր՝ Արցախում բանկային ծառայությունների հասանելիությունը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 7 շրջանները, Շուշին, Հադրութ քաղաքը և շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններից մի շարք համայնքներ:

Ստորև հարցուպատասխանի ձևով ներկայացվում է ԿԲ-ի մեկնաբանությունները հայրենազրկված քաղաքացիների վարկային պարտավորությունների վերաբերյալ.

– Նշված տարածքների բնակիչները որքա՞ն (դրամային արտահայտությամբ) վարկային պարտավորություններ ունեն: Քանի՞ բնակչի մասին է խոսքը:

– Ներկայումս բանկերի կողմից իրականացվում են վերլուծություններ նշված տարածքներում վարկ ունեցող բնակչության և վերջիններիս տրամադրված վարկերի ստույգ ծավալները գնահատելու համար: Նշվածը պահանջում է որոշակի գործողությունների իրականացում (կապ վարկառուների հետ, վարկերի և գրավների գույքագրում և այլն): Համապատասխանաբար այս մասով վերլուծությունները դեռևս ամփոփված չեն:

– Փաստացի, փախստականի կարգավիճակում հայտնված վերը նշված բնակիչներն ինչպե՞ս պետք է մարեն իրենց վարկերը: Ի՞նչ որոշում է կայացվելու:

– Նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայում ընթանում են քննարկումներ ՀՀ Կառավարության, ԱՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, համապատասխան առևտրային բանկերի և այլ շահագրգիռ անձանց միջև:

– Վերը նշված վարկերը չմարելու պարագայում ի՞նչ վիճակում կհայտնվեն, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն բանկերը:

– Հայաստանի առևտրային բանկերն ունեն կապիտալիզացիայի և իրացվելիության բավարար մակարդակ, և տարբեր վերլուծությունների և գնահատականների արդյունքում ի վիճակի են կլանելու նախորդ կետում նշված հավանական լուծումներից բխող հնարավոր ռիսկերը

– ՀՀ-ում գործող 17 բանկերից քանի՞սը նաև Արցախում մասնաճյուղեր ունեն: Շարունակելո՞ւ են այդ բանկերը գործունեություն ծավալել Արցախում: 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թվով 17 բանկերից 7-ն ունեն մասնաճյուղեր Արցախում: Ներկայում Կենտրոնական բանկի և բանկերի կողմից իրականացվում են համատեղ քայլեր՝ Արցախում բանկային ծառայությունների հասանելիությունը բնականոն եղանակով շարունակելու համար: