Սա օրենքի և Սահմանադրության տրամաբանությանը հակասող հանդիպում է. փաստաբանը վարչապետի` ԲԴԽ անդամների և դատարանների նախագահների հետ հանդիպման մասին. Tert.am

Խիստ մտահոգիչ է, որ դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ ներկայացել են վարչապետի մոտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի`իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների հանդիպմանը:

«Դատական համակարգը առանձին իշխանության ճյուղ է, որը որևէ կախվածություն չպետք է ունենա գործադիր իշխանությունից`վարչապետից: Նման հանդիպման տրամաբանությունն անգամ անհասկանալի է, օրենքի շրջանակում չեն կարող լինել հարցեր, որոնք պետք է վարչապետը քննարկի ԲԴԽ կազմի կամ դատարանների նախագահների հետ»,-ասաց Երվանդ Վարոսյանը և նշեց, որ պետք է ամբողջ ծավալով ներկայացվի սղագրությունը, թե ինչ է քննարկվել:

«Սա օրենքի տրամաբանությանը և Սահմանադրության տրամաբանությանը հակասող հանդիպում է, նման հանդիպում առհասարակ չպետք է լինի: Չի բացառվում իրավիճակ, որ գործող վարչապետը վաղը որևէ իրավիճակով որևէ դատարանում հանդես գա որպես կողմ: Ես թեև հույս ունեմ, որ դատարանները պետք է մնան իրենց բարձրության վրա և քաղաքական պատվերները կատարելուց զերծ մնան,  բայց ինքնին այդ հրավերը ընդունելը համարում եմ բացասական»,-ասաց նա և նշեց, որ դատավորները հրավեր ընդունելու պարտականություն չունեին և տրամաբանական էլ չէ, որ առհասարակ այդ հրավերը ընդունել են:

Երվանդ Վարոսյանը նկատեց, որ 2,5 տարվա ընթացքում շատ դատավորներ այս իշխանության կողմից թիրախավորվել են, ով կարողացել է իր մեջ հաղթահարի այդ վախի զգացումը և մնա դատավոր, մնացել է դատավոր, յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նշում է, թե  Ռոբերտ Քոչարյանի անձնագրի հետ կապված ասել է՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ինքը կխնդրի, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն, փաստաբանն արձագանքեց. «Վարչապետը ի ցույց դրեց այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք, որ գործադիր իշխանությունը` ի դեմս վարչապետի, միջամտում է դատական գործերին: Վարչապետը ոչ մի նման լիազորություն չունի միջնորդելու մեղադրանքի կողմին, կամ դատարանին` այս կամ այն գործողությունները կատարել, կամ զերծ մնալ կատարելուց: Հերթական անգամ պարզ դարձավ, որ քաղաքական հետապնդւոմների գործերով իրականում դատարաններում մեղադրանքը պաշտպանում է  անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ ներկա են գտնվում դատախազության համազգեստով անձիք»:

Ինչ վերաբերում է վարչապետի նախկինում արա «դռների տակ վնգտացող դատավորների» արտահայտությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակ տարբեր արտահայտություններ է արել է և այդպես էլ չի հասցեագրել: «Նման մեկնաբանությունները մեկնաբանելը տրամաբանությունից դուրս է»,-ասաց նա: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար մեկ սահմանում կա`իր կամքը կատարող պաշտոնյա և իր կամքը չկատարող պաշտոնյա: