«Գունավոր հեղափոխությունները»՝ տարածքներ կորցնելու «լավագույն» տարբերակ. Военное Обозрение-ն դիտարկել է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի օրինակները

Ռուսական Военное Օбозрение հրատարակությունը հոդված է հրապարակել հետխորհրդային երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունների» և դրանց հետևանքների մասին՝ նշելով, որ նման պետական հեղաշրջումները երկրի տարածքները կորցնելու «լավագույն» տարբերակն են:

Հրատարակությունը նշում է, որ հիմնականում հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները» վառ օրինակն են այն բանի, որ այս աշխարհում ամեն բանի համար կա՛մ պետք է վճարել, կա՛մ պատժվել, ավելի հաճախ՝ երկուսն էլ միասին: Նշվում է, որ եթե նման պետական հեղաշրջումները «արտաքին խաղացողների կողմից» են ֆինանսավորվում, ապա դրանց հետևանքների ամբողջ ծանրությունն ընկնում է այն պետության վրա, որը հերթական «մայդանն» է թույլ տվել:

Արտասահմանից իրականացվող ղեկավարման և թվացյալ հրաշալի կարգախոսներով հեղափոխությունների հետևանքներն են պետության անցումն արտաքին վերահսկողության տակ, դրա տնտեսության խիստ ենթարկումն օտարերկրյա «գործընկերների» հետաքրքրություններին, արտադրության, գիտության, կրթության ոչնչացումը, խորհրդային ժամանակներին բնորոշ սոցիալական ոլորտների լիակատար վերացումը:

Ուստի՝ ամենևին զարմանալի չէ, որ «գունավոր» հեղաշրջում անցած պետությունը գրեթե միշտ, որպես կանոն, ստիպված է հրաժարվել սեփական տարածքների այս կամ այն մասից: Այս պարագայում քիչ չեն կոնկրետ օրինակները. Վրաստանը, «Վարդերի հեղափոխությունից» հետո 2003 թվականին Միխեիլ Սահակաշվիլիին իշխանության բերելով, վերջնականապես «հրաժեշտ տվեց» Աբխազիային և Հարավային Օսիային: Նույն իրավիճակը ստեղծվել է նաև Ուկրաինայում, ինչը հանգեցրել է Ղրիմի կորստին:

Այս շարքի՝ մի փոքր այլ սցենարով վերջին օրինակն է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտությունը: Նշվում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ քանի դեռ երկիրը ղեկավարում էին քիչ, թե շատ հաջողակ առաջնորդները, և ոչ թե «մայդանական» թիմը, իրավիճակը նման լուրջ ռազմական բախումների չէր հասնում: Սակայն հենց Երևանում տեղի ունեցավ դասական «գունավոր հեղափոխություն», հանկարծ պարզվեց, որ հանրահավաքների ժամանակ «հրապարակային առաջնորդների» նկարած «փայլուն» հեռանկարներն իրականում խոսակցություններ և բլեֆ են: Իրական փորձություններին՝ առավելևս պատերազմին, Հայաստանը պատրաստ չէր:

Աղբյուրը՝ Tert.am