Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ը ներկայացրել է նոր դրվագներ մեր մարտիկների սխրանքներից

Պաշտպանության բանակը շարունակում է բացահայտել մեր քաջորդիների սխրանքները հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում:  Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:

Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա:

Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը:

Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:

Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:

Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:

Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:

Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:

Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:

Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:

Փառք մեր հերոսներին: