Իրանի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել՝ միջուկային գիտնականի սպանության կազմակերպիչների վերաբերյալ

Իրանի հետախուզական ծառայությունները տեղեկություններ են ստացել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության կազմակերպիչների մասին, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտնել Է Իրանի տեղեկատվության նախարարությունը։

«Հետախուզության գործողությունների շնորհիվ տվյալներ են ստացվել ահաբեկչական հարձակման կազմակերպիչների մասին», – հաղորդագրության տեքստը մեջբերում է Fars գործակալությունը: Նշվում է, որ այդ տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում: Երկրի Մեջլիսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ: