Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը

Նոյեմբերի 28-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք աշխատանքային այցը Մոսկվա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: