Նոյեմբերյանցի մասնագետները վերականգնել են Մարտունու էլցանցը, փողոցային լուսավորությունը

Նոյեմբերյան համայնքն իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Մարտունի քաղաքին։ Այս մասին տեղեկացել ենք Նոյեմբերյանի համայնքնապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Հնգօրյա այցից հետո, մեր՝ մասնագետներով համալրված թիմն այսօր վերադարձավ։ Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել խմբին և նշել կատարված աշխատանքներից մի քանիսը։

Այցի ընթացքում խումբը վերականգնել է Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը (քաղաքի բոլոր՝ 13 տրանսֆորմատորային ենթակայանները եղել են հոսանքազրկված), փողոցային լուսավորությունը, բարեկարգել է մշակույթի պալատը, վերանորոգել և տեղադրել է քաղաքի լուսակիրները, հնարավորինս աջակցել է տեղի՝ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին։

Մոնթե Մելքոնյանի արձանին իր հին տեսքը հաղորդելուց և շրջակայքը մաքրելուց հետո, ծննդյան օրը, հարգանքի տուրք են մատուցել հերոսի հիշատակին։

Նշենք, որ աշխատանքային պարագաները, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի մեծ մասը խումբը ձեռք է բերել իր ջանքերով և Նոյեմբերյան համայնքի զարգացման և ներդրումների հիմնադրամին ուղղված միջոցներով։

Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին։ Վստահ ենք, որ այս այցը երկարատև բարեկամության հիմքն է»,- գրված է համայնքնապետարանի ֆեյսբուքյան էջում