Դիմել եմ նախագահին, որ միջազգային դատական հոգեբույժի հանձնաժողով կազմեն և այս մարդուն փորձաքննության ենթարկեն. Կ․ Բալայանը՝ Փաշինյանի մասին

Ես չեմ եկել հացադուլի նստել Նիկոլ Փաշինյանի հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները ճիշտ իրականացնել: Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ասաց հացադուլ հայտարարած Կիմ Բալայանը:

«Այսօր նրանք պարտավոր էին քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար, պաշտոնական որևէ արձագանք չկա, գոնե ասեին, որ նյութեր են նախապատրաստում»,-ասաց նա: Կիմ Բալայանը նշեց, որ հացադուլ է հայտարարել խնդիրը լուծելու համար, թեև արդյունք չունի:

«Դիմել եմ ՀՀ նախագահին, թող կազմակերպի միջազգային դատական հոգեբույժի հանձնաժողով կազմեն և այս մարդուն փորձաքննության ենթարկեն, ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու տեսակով տառապում է` մեկը մեծամոլական զառանցանքներն է, մեկը հետապնդման մանյա է»,-ասաց նա:

Կիմ Բալայանը նշեց, որ ստորագրված փաստաթղթում գոնե գերիների և դիակների փոխանակման ժամկետը կարող էր նշվել: «Այս մարդը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, այլ նաև տված զոհերի վրա»,-ասաց նա:

Լրատվամիջոցների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համոզել դադարեցնել հացադուլը` անհանգստանալով Կիմ Բալայանի առողջության համար: «Ես էլ իմ մեղքն եմ քավում»,-ասաց վերջինս:

Կիմ Բալայանը նաև անդրադարձավ նոր ԱԳ նախարարի հայտարարությանը, որ ձախողում չի եղել դիվանագիտության մեջ: «Եթե դիվանագիտությունը իր տեղում լիներ, այս պատերազմը չէր սկսվի»: