Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը

ՄԱԿ գլխավոր քատուղարը և Անվտանգության խորհուրդը պետք է խստորեն դատապարտեն իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նամակն ուղղված է ՄԱԿ ԱԽ նախագահ և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Թահթ-Ռավանչին գրում է, որ վերջին տասնամյակում իրանցի մի քանի առաջատար գիտնականներ դարձել են ահաբեկչական հարձակումների զոհ ու սպանվել, և Իրանը համոզիչ ապացույցներ ունի, որոնք հստակ ցույց են տալիս, «որ այդ սպանությունների հետևում կանգնած են եղել որոշակի օտարերկրյա շրջանակներ»։

«Նահատակ Ֆահրիզադեի վախկոտ սպանությունը լուրջ նշաններով մատնանշում է Իսրայելի պատասխանատվությունը, մեր տարածաշրջանում քաոս սերմանելու ևս մեկ հուսահատ փորձ է, ինչպես նաև Իրանի գիտատեխնիկական զարգացումը խափանելու փորձ»,- շեշտել է Իրանի մշտական ներկայացուցիչը։

Իրանն ամենավճռական կերպով դատապարտում է նահատակ Ֆահրիզադեի հանցավոր սպանությունը և ակնկալում, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհուրդը վճռականորեն կդատապարտեն այս անմարդկային ահաբեկչական հարձակումը և այն կատարողների դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»,- հայտարարել է նա։

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ զոհվածը նաև «մեծ դերակատարում» է ունեցել COVID-19-ի թեստավորման համար իրանական լրակազմի մշակման գործում, «ինչը մեծ ավանդ էր համավարակի զսպման համազգային ջանքերի մեջ։ Նա նաև համակարգում էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը»,- նշել է Թահթ-Ռավանչին։